Տեռորի վտանգ՝ Հայաստանում

Հայաստանում վերջին շրջանում, ինչպես հայտնի է, պարբերաբար տարածվում են տեղեկություններ այս կամ այն պետական կարևորագույն օբյեկտներում, շենքերում տեղակայված ռումբերի մասին: Երեկ էլ մի յուրատեսակ ռեկորդ գրանցվեց. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկութուն էր ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19-ում, ինչպես նաև զինվորական ու քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված:Բայց ինչպես միշտ է լինում, այս անգամ էլ ահազանգը,փաստորեն, կեղծ էր:

Ինչո՞վ է պայմաավորված նմանօրինակ տեղեկատվական տեռորը, որի ճանկերից չի կարողանում ազատվել հայ հանրությունն ու պետությունը: Միանգամայն հնարավոր է, որ գործ ունենք ոչ թե ինչ-որ խուլիգանության կամ տխմար մեկի արկածախնդրության հետ, այլ՝ կոնկրետ կենտրոնից կառավարվող երևույթի, որի թիրախը ՀՀ ազգային անվտանգությունն է: Հնարավո՞ր է,որ թուրքերը կագնած լինեն այս ամենի հետևում, թե՞ գործ ունենք ներհայաստանյան ինչ-որ մութ ուժերի հետ, որոնք կարող են ներթափանցած լինել նաև իշխանական բուրգից ներս կամ այնտեղ ունենալ ազդեցության գործակալներ: Ըստ երևույթին, ինչ-որ ուժեր պարբերաբար փորձում են չափել հայ հանրության կամ պետության ադեկվատության մակարդակը արտակարգ իրավիճակների դեպքում՝գուցե նպատակ ունենալով մի գեղեցիկ օր տեռորի ճարակ դարձնել մայրաքաղաք Երևանը:

Ովքե՞ր են զբաղվում կեղծ ահաղանգերի հեղինակների հայտնաբերմամբ: Խնդիրը կարծես հենց ԱԱԾ-ի դաշտում է, և այս կառույցը, պետք է որ վաղուց պարզած լիներ նմանօրինակ ապատեղեկատվության իրական աղբյուրն ու մարդկանց ահաբեկողների ինքնությունը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ երկիրը, ըստ էության, պատերազմի մեջ է գտնվում, որի նոր՝ տաք փուլի մեկնարկն է, որ ամեն գնով փորձում է տալ թուրք-ադրբեջանական տանդեմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել