Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցը կայացել Է Վաշինգտոնի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Հուլիսի 29-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջեւ։ Լավրովը եւ Բլինկենը կարծիքներ են փոխանակել կարգավորման կարիք ունեցող երկկողմ հարաբերությունների շուրջ»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ըստ ռուսական կողմի՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը ձգձգում է հակամարտությունը եւ բազմապատկում  զոհերի թիվը։

Լավրովը հայտարարել Է, որ Ուկրաինային արեւմտյան զենքի մատակարարումները «երկարացնում են Կիեւի ռեժիմի հոգեվարքը»։

ՌԴ ԱԳ նախարարն առաջարկել է «խաղաղ դիվանագիտության» հուն վերադառնալ՝ առանց բանտարկյալների փոխանակման հարցում շահարկումների։

Լավրովը Բլինկենին տեղեկացրել է Ստամբուլում պայմանավորվածությունների մանրամասների մասին ու նշել, որ պարենի հետ կապված գլոբալ իրադրությունը բարդանում է ամերիկյան պատժամիջոցներով։ Ավելին՝ հայտարարել, որ ԱՄՆ-ն չի կատարում ՌԴ-ից պարենամթերքի մատակարարումների համար պատժամիջոցների հետ կապված խոստումները։

Նա ընդգծել է, որ ՌԴ հատուկ գործողությունը հասնելու է իր նպատակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել