Ամերիկացիները բռնել են ՔՊ-ականների սուտը

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Հայաստանում 2022 թվականի ներդրումային միջավայրի վերաբերյալ հայտարարության մեջ տեղ են գտել շեշտադրումներ, որոնք ոչ միայն ոչ մի կերպ չեն տեղավորվում տարբեր ՔՊ-ականների կողմից այս շրջանում հնչեցվող հայտարարությունների տրամաբանության շրջանակներում, այլև բացահայտում են թերևս իշխող վերնախավի ողջ կեղծավորությունն ու պայթեցնում քարոզչական փուչիկը՝ իբր բացառիկ դարձած «նոր» Հայաստանի մասին:

Ամերիկացիները հստակորեն արձանագրել են Հայաստանում առկա կոռուպցիայի բարձր մակարդակը՝ հենց դա դիտարկելով որպես ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոն: «Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, ներդրողները պնդում են՝ չկա թափանցիկություն»,-մասնավորապես՝ ասված է հայտարարության մեջ:

Այս հայտարարությունը, որը, ըստ էության, ճշգրտորեն արտացոլում է հայաստանյան իրականությունը, ինչպես կարելի է արձանագրել, սուր բախման մեջ է հայտնվել ասենք ՔՊ-ական Պապոյան Գևորի այն վերջին հայտարարւոթյան հետ, ըստ որի՝ Հայաստանը ներդրումային դրախտ է դարձել: Հիշեցնենք, որ Գևորն օրերս հայտարարել էր բառացիորեն հետևյալը. «Հայտնի հանգամանք է՝ փողը հոսում է այնտեղ որտեղ իր համար ամենալավ պայմաններն են ապահովված: Սա նշանակում է, որ այն քաղաքականությունը որ մենք մշակում ենք, որի արդյունքում ենթադրում ենք, որ ներդրումներ պետք է գա, լավ մասնագետներ պետք է գան էստեղ, մարդիկ պետք է գան, էդ արդյունքը տվել է»: Միաժամանակ այս ՔՊ-ականը պնդել էր, թե իբր Հայաստանը դարձել է աշխահում ներդրումներ անելու «ամենալավ տեղերից մեկը»:

Հարց՝ ՔՊ-ականներին՝ ամերիկյան կողմի հայտարարությունը լկտի սո՞ւտ է, թե՞ լկտին նրանք են, ովքեր, շատ լավ իմանալով հայաստանյան իրականությունը, տարբեր եթերներից միամիտներին համոզում են, որ ամեն բան հրաշալի է, ուղղակի մարդիկ դեռ գլխի չեն: Հայաստանը փողի մեջ խեղդվում է, փողն այնքան շատ է, որ չգիտեն՝ ինչ անեն, բայց չգիտես՝ ինչու, աճում է թերսնվողների թիվը: Որտեղի՞ց կամ ինչպե՞ս աճի տնտեսությունը, թերսնվողների թիվն էլ կրճատվի, եթե երկրում օտարերկրյա ներդրումներ պրակտիկորեն չեն արվում, ներսի կապիտալն էլ դուրս է փախչում:

Ի՞նչ էր խոստանում Նիկոլը, ո՞վ է հիշում: Խոստանում էր ամենալավ բաները, բայց ստացվեց տրամագծորեն հակառակը, և այդ իրականությունը ոչ մի էժանագին քարոզչություն ու խաբեություն ի վիճակի չէ կոծկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել