«Ցանկանում եմ, որ պատերազմները շարունակական չլինեն և մենք հերոսանանք մեր գիտելիքներով». սրանք 44-օրյա պատերազմում անմահացած Գերասիմ Ահարոնյանի մտքերն էին։
Գերասը Արմավիր քաղաքում էր ծնվել, մեծացել ու 2019-ի հուլիսի 15-ին զորակոչվել բանակ։ 6 ամիս ծառայեց Գյումրու ուսումնական զորամասում, ապա ծառայությունը շարունակեց Ագարակի զորամասում։ Երբ պատերազմի օրերին հրամանատարությունը հայտնում է, որ Արցախ օգնության պետք է մեկնեն, Գերասն առաջիններից է արձագանքում ու հոկտեմբերի 3-ին արդեն Ջրականում էր, թեժ մարտերի մեջ, բայց հարազատներից գաղտնի էր պահում այդ փաստը։
15 օր մարտնչելով թշնամու դեմ, հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, Մեղրի վերադառնալու ճանապարհին, անօդաչուի հարվածից անմահանում է Գերասիմը...
«Ես համոզված եմ, որ հայ հերոսները եղել են, այժմ էլ կան ու միշտ կլինեն որպես հպարտություն ու պարծանք հայ ժողովրդի համար»,- գրել էր Գերասը։ Դու էլ այդ հերոսների շարքին դասվեցիր, ախպեր ջան։ Հերոսացար՝ հավերժ մնալով 19 տարեկան։
Հիշատակդ վառ, Գերաս ջան։ Խունկ ու խոնարհում շիրիմիդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել