«Առավոտ» թերթը գրում է․ «Բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար մեղադրվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Դատարանը հուլիսի 7-ին որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել։ Աղվան Հովսեփյանի հանդեպ ընտրված խափանման միջոցը կալանքն է, սակայն նրա պաշտպանական թիմը գտնում է, որ Հովսեփյանի առողջական վիճակը համատեղելի չէ այդ խափանման միջոցի հետ։ Ավելի վաղ դատարանն այս հիմքով Հովսեփյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժել էր։ Այժմ էլ դատաբժշկական փորձաքննությանն առաջադրվել են մի շարք հարցեր, մասնավորապես. Աղվան Հովսեփյանն ի՞նչ հիվանդություններ է ունեցել եւ ունի, նրա առողջական վիճակը 2021-ի սեպտեմբերի 8-ից մինչեւ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա նա ինչպիսի՞ բուժօգնություն ստանալու կարիք ունի, ի՞նչ ծավալով, ի՞նչ պայմաններում ու ինչպիսի՞ բուժհաստատություններում։ Փորձաքննությունը պետք է պատասխանի նաեւ, թե Աղվան Հովսեփյանի ունեցած հիվանդությունները քրեակատարողական հիմնարկների պայմաններում խոչընդոտո՞ւմ են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի եւ պատժի կիրառմանը, արդյոք ճի՞շտ է նրան տրված ախտորոշումը, նրա հիվանդությունները պատճառահետեւանքային կապի մե՞ջ են նրա տարած վիրահատության հետ, վիրահատությունից հետո սկսված բարդություններն արդյոք անցողի՞կ են։

Հուլիսի 18-ին նշանակված նիստը չի կայացել, քանի որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը լավ չէր, պետք էր դողորայք ստանալ։ «Առավոտի» հետ զրույցում Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասում է. «Ինչպես հայտնի է, Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի ծանր ձեւը, որը զուգորդվում է պոլինեւրոպատիայով։ Ինչո՞ւ եմ մանրամասնում հիվանդության այս տեսակը, որովհետեւ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, եւ, առհասարակ, նման միջնորդություն հարուցելու հիմք է հանդիսացել այն փաստը, որ տվյալ հիվանդությունը կա կառավարության համապատասխան որոշման մեջ, որում նախատեսված են կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունները։ Մեր միջնորդությունը բավարարվեց, համապատասխան փորձաքննությունը նշանակված է։ Բոլոր նյութերը եւ փորձաքննություն նշանակելու մասին որոշումն արդեն ուղարկվել են դատաբժշկական գիտագործնական կենտրոն։ Հանձնաժողովի ձեւավորումից եւ փորձագետների ճանաչումից հետո գործընթացը կմեկնարկի»։ 

Թե ինչ ժամկետների մասին է խոսքն այս դեպքում, Էրիկ Ալեքսանյանը նշում է, որ օրենսդրությամբ նախատեսված չէ փորձաքննության իրականացման ժամկետ. «Սակայն որպես օրինակ հիշեցնեմ Արմեն Չարչյանի դեպքը։ Ի դեպ, հենց նույն հիվանդության մասին է կրկին խոսքը։ Նշանակվեց փորձաքննություն, այդ ժամանակ մոտ 3-4 ամիս տեւեց։ Ենթադրում եմ, որ նույն ժամկետի մասին խոսք կգնա, եւ այդ ժամանակահատվածում կունենանք հանձնաժողովի եզրակացությունը»։

Հիշեցրինք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքը եւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է այդ ողբերգական դեպքից եզրակացրել Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմը. վերջերս Արմեն Գրիգորյանը կտրուկ վատացավ դատական նիստերի դահլիճում, կյանքը փրկել չհաջողվեց։ Էրիկ Ալեքսանյանը նախ ասում է՝ շատ ցավալի դեպք է կատարվել. «Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանի դեպքից հետո մեր դատարանները կլինեն ավելի զգոն եւ անձի խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակում իսկապես կգնահատեն բոլոր հանգամանքները եւ կկարեւորեն անձի ազատության հիմնարար իրավունքը։ Այն պարզապես թղթի վրա գրված իրավունք չէ, դրա հանդեպ իրական հարգանք պետք է ցուցաբերվի, որպեսզի պետությունը հետագայում չունենա նման հետեւանքներ»։

Պաշտպանը նաեւ ընդգծում է՝ ՀՀ սահմանադրական դատարանը, վճռաբեկ դատարանը մշտապես արձանագրել են, որ կալանքը ծայրահեղ միջոց է եւ կիրառվում է միայն այն դեպքերում, երբ ավելի մեղմ տեսակի խափանման միջոցներն ի զորու չեն լինում ապահովել անհրաժեշտ երաշխիքները. «Տեսնենք, թե օրենսդրական այս նոր փոփոխություններից հետո, մի շարք բացասական նախադեպերից հետո դատարանները նշյալ սուրբ կանոնին կհետեւե՞ն, թե՞ ոչ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել