Lurer.com-ը գրում է.

Դատարանը մերժել է Էմբեր Հերդին վերանայել դատավճիռը, ըստ որի՝ նա մեղավոր է ճանաչվել իր նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի դեմ զրպարտության մեջ։ Ավելի վաղ Էմբեր Հերդի փաստաբանները փաստաթղթեր էին ուղարկել դատարան՝ պահանջելով նոր դատավարություն և մատնանշելով բազմաթիվ խախտումներ։ Դատարանը, սակայն, համարել է, որ գործընթացի ընթացքում երդվյալ ատենակալների վերջնական որոշման վրա ազդող էական խախտումներ չկան։ Այս մասին հայտնում է USA Today-ը։

«Վեց շաբաթ տևած դատավարությունից հետո երդվյալ ատենակալները վճիռ կայացրեցին Էմբեր Հերդի դեմ՝ նրան մեղավոր ճանաչելով գրեթե բոլոր կետերով: Թեև տիկին Հերդը հասկանալի է, որ դժգոհ է դատավարության արդյունքից, նա իրավական հիմք չի գտել երդվյալ ատենակալների որոշումը չեղարկելու համար»,֊ Deadline-ը մեջբերում է Ջոնի Դեփի փաստաբանների հայտարարությունը։

Դատավարության ավարտից հետո Էմբեր Հերդն ասաց, որ վախենում է, թե դատարանում իր պարտությունը կազդի MeToo շարժման վրա, որտեղ կանայք խոսում են բռնության ենթարկվելու իրենց փորձի մասին:

«Ես հիասթափված եմ։ Սա ձախողում է: Սա մեզ տանում է դեպի մի ժամանակ, երբ կինը, ով չէր վախենում բարձրաձայնել իր խնդրի մասին, կարող էր ամոթանք ստանալ և նվաստացվել հանրության կողմից: Սա տապալում է այն գաղափարը, որ կանանց նկատմամբ բռնությանը պետք է լուրջ վերաբերվել«֊ասել էր Հերդը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դերասանուհին նախատեսում է հուշագրություն հրատարակել Ջոնի Դեփի հետ ամուսնության մասին, որում կպատմի կատարվածի իր վարկածը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել