Դատելով ամենայնից՝ Ջեյհուն Բայրամովի՝ օրերս Իրան կատարած այցն այնքան էլ ազերիների սրտով չի անցել:

Մասնավորապես՝ ադրբեջանցիները սկսել են հակաիրանական արշավ իրականացնել և պահանջել են այլևս իրանական չանվանել Երևանի Կապույտ մզկիթը: «Անգամ այսօր համաշխարհային հռչակ ունեցող հետազոտողներն են ծիծաղում այն բանի վրա, որ Կապույտ մզկիթն անվանում են իրանական մզկիթ։ Մզկիթ չէին կառուցի 100 մարդու համար, Կապույտ մզկիթը պետք է այլևս իրանական չհամարվի»,-ասել է ադրբեջանցի իշխանամետ «հետազոտող» Սաբուհի Հուսեյնովը՝ պնդելով՝ այն ադրբեջանական է. Երևանում 1917թ. ապրում էր մոտ 100 պարսիկ, իսկ 1831-1920թթ. Երևանի բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ էին:

Հարևան ժողովուրդներից մշակութային արժեքների, ինքության գողությունը նոր բան չէ Ադրբեջանում: Այդ երկրի ողջ «պատմությունն» ու «մշակույթն» է գրագողություն, բայց այստեղ էականը ոչ թե ազերիների ինքնության նոր ճգնաժամի բռնկումն է՝ արտահայտված իրանցիների հոգևոր-մշակութային ժառանգության դեմ ոտնձգությամբ, այլ՝ ժամանակահատվածը, երբ, փաստորեն, բուռն շփումներ են ընթանում ազերիների, Իրանի ու Թուրքիայի միջև տարածաշրջանային խնդիրներով: Ի դեպ՝ առաջիկայում նախատեսվում է Իրանում հանդիպում Բայրամով-Աբդոլլահիան-Չավուշօղլու ֆորմատով:

Հակաիրանական մեծ ալիք բարձրացավ Ադրբեջանում պատերազմից հետո, երբ ազերիներն ուզում էին գրավել Սյունիքը, իսկ Իրանն ուղղակի թույլ չտվեց անել դա՝ մեծաթիվ զորքեր կուտակելով Ադրբեջանի ու Նախիջևանի սահմանի ողջ երկայնքով: Հիմա, երբ կրկին ակտիվացել են «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները, թուրքերը փորձում են ինչ-որ կերպ կոտրել Իրանի դիմադրությունը՝ Մեղրին ճեղքելու համար, ինչը, սակայն, չի ստացվում. Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր կարմիր գծերի մասին և թույլ չի տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն:

Տեսնենք՝ ինչ արդյունք կտա Իրանում սպասվելիք եռակողմ հանդիպումը, բայց հաստատ է, որ թուրք-ազերիական տանդեմին չի հաջողվելու «փափուկ բարձ դնել» իրանցիների գլխի տակ ամեն դեպքում. Իրանում նիկոլներ չկան…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել