«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփան Սաֆարյանի քրոջը` փաստաբան Սեդա Սաֆարյանին, իշխանությունն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նա կառավարության նիստում հայտարարեց, որ իշխանություններն իրեն ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար չեն զղջա՝ ինքը կարդարացնի նրանց հույսերը: Թե ինչ նկատի ունի տիկին Սաֆարյանը եւ, վերջապես, ինչպես է պատկերացնում իր աշխատանքը Սահմանադրական դատարանում՝ չունենալով դատավորի մասնագիտական փորձ, փորձեցինք պարզել հենց Սեդա Սաֆարյանից:

- Տիկին Սաֆարյան, Ձեզ առաջադրեցին որպես ՍԴ դատավորի թեկնածու: Դա համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել: Հասարակության մի զգալի զանգվածին այս որոշումը դուր չի եկել, ի՞նչն է պատճառը:

- Դե հենց էդպես էլ թող իրար հետ քննարկեն, ինչ ուզում են՝ անեն... Ինչ առողջ միտք էլ հնչի, մեկ է՝ պետք է քննադատեն ոմանք:

- Դուք չունեք դատավորի մասնագիտական փորձ, փաստաբան եք եղել: Հիմա Ձեր աշխատանքը Սահմանադրական դատարանում ինչպե՞ս եք պատկերացնում: Չի՞ խանգարի փորձի պակասը:

- Ոչ, բացարձակ չի խանգարի:

- Նշեցիք, որ իշխանությունները չեն զղջա Ձեր թեկնածությունն առաջադր լու համար. ի՞նչ նկատի ունեիք:

- Ասել եմ՝ վստահության համար: Մարդիկ ինձ վստահում են, առաջադրում են, այսինքն՝ անվստահության պահ չի լինի, չեն ասի՝ էս ինչ վատ մասնագետ ենք առաջադրել: Զղջալու խնդիրը, որ էսպես ընդգծված դնում եք, կապ չունի Ձեր ենթատեքստերի հետ: Դա վերաբերել է նրան, որ եթե ինձ վստահել ու առաջադրել են որպես ՍԴ դատավորի թեկնածու, ես կարդարացնեմ ինձ՝ իմ մասնագիտական որակով:

- Ձեր եւ Ձեր եղբոր քաղաքական հայացքները բոլորին են հայտնի: Դուք առանձնակի բացասական վերաբերմունք ունեք ընդդիմության նկատմամբ, համակրում եք օրվա իշխանությանը: Ձեր քաղաքական հայացքները չե՞ ն խանգարի անաչառ դատավոր լինելու հարցում:

- Դրանք Ձեր որակումներն են: Ես էդպիսի բան չասացի: Ես մշտապես քննադատել եմ արատավոր երեւույթները: Մշտապես պատրաստ եմ արատավոր երեւույթները նկատել եւ դրանց մասին բարձրաձայնել: Ի՞նչ է նշանակում՝ համակրում եմ օրվա իշխանությանը: Այն իշխանությունը, որն ավելի ազատ է թողնում մեզ մեր աշխատանքի մեջ եւ չունի հանցագործ հակումներ, կարելի է վստահել պարզապես: Ես բոլոր իշխանությունների ժամանակ աշխատել եմ փաստաբան, իմ գործն եմ արել, խոսել եմ արատավոր երեւույթների մասին: Բոլորի օրոք նույնկերպ եմ դատարան մտել, նույն ձեւով էլ իմ խոսքն ասել եմ:

- Իսկ Մարտի 1-ի գործով Ձեր ներգրավվածությո՞ւնը...

- Մարտի 1-ն ի՞նչ կապ ունի իմ՝ Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրվելու հետ: Ի՞ նչ կապ ունի:

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հենց Ձեզ առաջադրեցին....

- Ո՞ւմ առաջադրեին, Դուք ասեք մեկին, որն իմ չափ փորձ ունի կամ ինձնից հարմար էր էս պաշտոնում: Եթե Դուք ասեք, թե ով է ավելի հարմար, գուցե մտածեն:

- Այսինքն, կարծում եք՝ Ձեզնից ավելի փորձառու իրավաբան Հայաստանում չկա՞:

- Ես նման բան չասացի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել