Կարգին Հայկոյին կդատե՞ն

Մի բավական հետաքրքիր տեղեկություն է հրապարակվել առցանց ռեսուրսներից մեկի կողմից՝ վերաբերող Երևանի քաղաքապետարանի գործունեությանը: Մասնավորապես՝ պարզվում է, որ ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում և 2018-2021թթ. գործունեության վերաբերյալ մեծ ծավալի խախտումներ հայտնաբերել: Պարզվել է՝ «Կարգին Հայկոյի» կառավարման տարիներին պետությանը հասցվել է ընդհանուր առմամբ մոտ 40 մլն դոլարի վնաս։ Չարաշահումները վերաբերել են, մասնավորապես, շինթույլտվությունների տրամադրմանը, գույքահարկի վճարումներին, ինքնակամ կառույցների օրինականացմանը և այլն: Կարճ ասած՝ «Կարգինի» կառավարման շրջանում Երևանն ուղղակի թալանվել է:

Տեղեկությունն, անկասկած, ուշագրավ է՝ ոչ միայն «նոր» Հայաստանում առկա թալանի մակարդակի մասին պատկերացում կազմելու տեսանկյունից այն դեպքում,երբ բազմիցս է խոսվել համակարգային կոռուպցիայի բացակայության մասին իշխանությունների կողմից, այլև՝ անձամբ Հայկոյի ճակատագրի: Բանն այն է, որ միայն միամիտներին կարող է թվալ, թե ՊՎԾ-ի կողմից իրականացված այս բացահայտումների նպատակն ընդամենը ասենք ՔՊ-ին խայտառակելն է, ինչը ստացվել է ակամայից՝ նկատի ունենալով Ազիզյանների ընտանիքի հոր հանդեպ Նիկոլի տածած անհուն սիրո փաստը: Կասկած չկա, որ սա առավելապես քաղաքական քայլ է՝ փակելու պատերազմից հետո Նիկոլի հետ թարսված Մարության Հայկի հանրային-քաղաքական դաշտ հնարավոր վերադարձի ճանապարհը, որի հավանականության մասին վերջերս կարծես խոսվում էր շշուկով: Ավելին՝ դեռ հարց է՝ արդյոք չե՞ն դատի Երևանի ու երևանցիների փողերը մսխած նախկին քաղաքապետին, թե՞ բացահայտումները կդարձնեն որպես ընդամենը մահակ՝ նրա գլխին՝ հեռու մնալու ռեաինկարնացվելու մտքից:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ եթե Հայկոն է այդքան կերել, բա մյուս իշխանավորների թալանը որքա՞ն կկազմի: Այդ մասին՝ միայն իշխանափոխությունից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել