Հայկակա՞ն, թե՞ ռուսական բլեֆ

Ռուսական մամուլի որոշ միջոցներ գրել էին, որ Պուտինն ու Ալիևը ձեռք են բերել համաձայնություն՝ Սյունիքով Ադրբեջանին 6կմ լայնությամբ միջանցքի հատկացման մասին: Չնայած սրան՝ Հայաստանի երիտպաշտոնյաները շարունակում են պնդել, որ որևիցե միջանցքային տրամաբանություն բացառված է՝ իրենց այդ թեզը հիմնավորելով արտաքին գործընկերների կողմից տարբեր ժամանակներում հնչեցված հայտարարություններով:

Բացի ՀՀ ԱԽՔ-ից այսօր «Զանգեզուրի միջանցք» ասվածը բացառող պնդմամբ է հանդես եկել նաև թուրքերի հետ Հայաստանի կողմից բանակցող Ռուբինյան Ռուբոն՝ վստահութուն հայտնելով, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրքական կողմի հայտարարությունները խանգարում են հարաբերությունների կարգավորման գործընթացին: ՔՊ-ականը նաև ասել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսը դոփում է տեղում՝ չգրանցելով ո՛չ առաջընթաց, ո՛չ հետընթաց:

ՔՊ-ական պաշոնյաների այսօրինակ հայտարարությունները միակը չեն: Իշխանությունները շարունակում են մերժել ոչ միայն միջանցքի մասին խոսակցությունները, այլև նույնիսկ «Զանգեզուր» եզրույթը, ինչպես դա արել է, օրինակ, նույն Ռուբոն: Խնդիրը, սակայն, այն է, որ իշխանությունների հանդեպ չկա և որևիցե վստահություն, քանի որ նրանք այն վաղուց սպառել են և սպառել են ոչ միայն 44-օրյա պատերազմի պատճառով:

Արդյոք կա՞ն հիմքեր՝ պնդելու, որ ռուական մամուլը բլեֆ է անում, թե՞ բլեֆ է անում պաշտոնական երևանը՝ սեփական հպատակներին հիմարի տեղ դնելով: Ոչ վաղ անցյալի ցավալի իրադարձությունները հուշում են, որ նման դեպքերում սովորաբար իշխանությունները հենց բլեֆ էլ անում են՝ արծրունհովհաննիսյանական վարք դրսևորելով: Սկզբից կողմերը կպայմանավորվեն, միմյանց հետ թեման լրիվ կճշգրտեն, հետո ծրագիրը պատերազմով կյանքի կկոչեն, որ Նիկոլը դավաճան դուրս չգա: Մարդիկ չէին տալիս, բայց Ադրբեջանը, ոչինչ հաշվի չառնելով, ուժով վերցրեց հայկական հողն ու այն դարձրեց սեփականը, իսկ Նիկոլն էլ համակերպվեց այդ իրականության հետ, քանի որ մեծ մարդասեր է ու չէր կարող չփրկել հազարավոր կյանքեր՝ թեկուզ սեփական պատվի գնով: Թո՛ղ ոչ մի զոհ չպահանջվի Նիկոլից բացի…

Եթե ինչ-որ կերպ հաջողվեց Իրանին համոզել սուվերեն միջանցքի գոյության ու այդ երկրի կենսական շահերի համատեղելիության հարցում, ապա միջանցքը բացվելու է բոլոր դեպքերում՝ լինի ուժով, թե՝ խաղաղությամբ: Իրանն է, որ զսպում է թե՛ Բաքվին ու թե՛ թրքասեր Նիկոլին՝ շատ լավ տեսնելով այս խաղի հակաիրանական էությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել