ArmLur.am-ը գրում է․

Այսօր խորհրդարանում քննարկվում է գլխավոր դատախազի ընտրության հարցը: Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն է:

Ըստ հայտարարագրի՝ 2019 թվականին Վարդապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ունի մեկ բնակարան: Նա այն նվեր ստացել է 2014 թվականին: Բանկային հաշվին առկա մնացորդները կազմել են 322 հազար դրամ, 15 եվրո: Որպես եկամուտ հայտարարգրել է երեք վայրից ստացած աշխատավարձը. օրինակ, արդարադատության նախարարությունից նա ստացել է ընդհանուր 9 մլն 782 հազար դրամի չափով աշխատավարձ, երբ փոխնախարար էր: Երեւանի պետական համալսարանից ստացել է 1 մլն 124 հազար դրամ, իսկ Եվրոպայի Խորհուրդից՝ 1500 եվրո: Առեւտրային բանկերից մեկից նա մոտ 1 մլն 550 հազար դրամի չափով փոխառություն, վարկ է վերցրել:

Իշխող խմբակցության թեկնածուի 2020 թվականի տարեկան հայտարարագրի տվյալներով, դրամական միջոցները կազմել են 660 հազար դրամ եւ 15 եվրո, իսկ կանխիկ գումարը՝ 1.5 մլն դրամ: Նշված տարում Աննա Վարդապետյանը 4 վայրից աշխատավարձ է ստացել. ՀՀ վարչապետի աշխատակազմից նա ստացել է ընդհանուր 8 մլն 855 հազար դրամ աշխատավարձ, Երեւանի պետական համալսարանից՝ 976 հազար դրամ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից՝ 4 հազար 215 դրամ, իսկ «Դար» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամից՝ 164 հազար դրամ: Բացի այս, նա 59 հազար դրամի չափով նվեր է ստացել, իսկ 750 հազար դրամ էլ որպես փոխառություն՝ բանկերից մեկից:

Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ Վարդապետյանի բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է ավելի քան 210 հազար դրամ եւ 15 եվրո: Նրա կանխիկ դրամն է ավելացել՝ տարեսկզբին 1 մլն 500 հազար դրամից դառնալով 4 մլն 500 հազար դրամ: Նախորդ տարի ամսական ստացել է 871 հազար դրամ աշխատավարձ, իսկ ԵՊՀ-ից՝ 624 հազար դրամ: Բանկերից մեկից ստացել է 3 մլն դրամի չափով փոխառություն, վարկ: Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 1 մլն 216 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Աննա Վարդապետյանը ներկայացրել է նաեւ 2021 թվականի ծախսերի հայտարարագիրը, որտեղ նշված է, որ 3 մլն դրամ ծախսել է բնակարանի վերանորոգման համար:

Վարդապետյանի ամուսինը՝ Մամիկոն Գեւորգյանը, 3 բնակարան ունի, երեքն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում: Նշենք, որ դրանք ձեռք է բերել 2007, 2011 եւ 2013 թվականներին: Վարդապետյանի ամուսինն ունի մեկ ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության Mercedes, որը գնել է 2014 թվականին: Բանկային հաշվին առկա մնացորդը, 2021 թվականին, կազմել է 12 հազար դրամ, 2514 դոլար եւ 2773 եվրո, կանխիկ գումարը՝ 4 մլն 500 հազար դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Վարդապետյանի ամուսինն աշխատավարձ ստացել է փայլաթիթեղ արտադրող «Ռուսալ Արմենիա» ընկերությունից՝ ընդհանուր 3 մլն 553 հազար դրամ: Նրա ստացած փոխառությունը կազմել է 51 հազար դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդապետյանի ամուսինը 2017 թվականին բնակարան է վաճառել՝ 15 մլն 360 հազար դրամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել