Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ Արցախում ծառայություն իրականացվելու է միայն պայմանագրային զինծառայողներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:

 «Վերջին զորակոչի զինվորները հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը կզորացրվեն և այլևս Արցախում մենք կունենանք պայմանագային զինծառայողներ։ Արցախի համար մշակված է ծառայության գրավչության բարձրացման լուրջ փաթեթ, որով պայմանագրային զինծառայողներով համալրվում է ՊԲ-ի թափուր հաստիքները, դա բավարում է մեզ։ Նպատակն է ժամկետային զինծառայողներին հանել ՊԲ առաջնագծից։ Ձգտում ենք, որպեսզի ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Մյուս զորամիավորումներում ևս գնալու ենք դրան»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ պարտադիր զինծառայությունը կրճատելու խոսակցություններ եղել են, բայց դեռևս ոչ մի հիմնավոր բան չկա, քննարկումներ են:

«Դա հնարավորություններից է կախված: Կարող է ցանկանանք, որ ծառայության ժամկետը կրճատենք 2 տարուց 1,5 տարի, բայց պետք է հնարավորություն ընձեռենք, որ ծառայության բոլոր խնդիրները կատարվեն»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նոր զորակոչվողներին տանում են առաջնագիծ, Սահակ Սահակյանը պատասխանեց. «Զորակոչվողները չեն գնում առաջնագիծ: Պաշտպանության նախարարի կողմից այս զորակոչից սկսած նոր կարգ է սահմանվել, բոլոր նորակոչիկները վիճակահանությամբ գնում են զորամասեր եւ նշանակվում են ծառայության հրաձգային  ուսումնական գումարտակներում: Այդ գումարտակներում գտնվելու են մոտավորապես 5 ամիս, այսինքն մինչեւ ուսումնական փուլի ավարտը: Նպատակը նա է եղել, որ զինվորները ոչ լրիվության պատրաստություն չանցած մարտական հերթապահության չընդգրկվեն: Այսինքն նրանք մարտական հերթապահության կարող են ընդգրկվել 5-6 ամիս հետո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել