Նավակն ու ծովը

Հանրությանը տեղեկացնելով, թե ինչով է ներկա պահին զբաղված, ինչ խնդիրներ է փորձում ազգի համար լուծել (անվտանգություն, երթևեկություն, անգամ՝ աղմուկ), «Նավակ ճոճողը» հայտարարել է, թե ուրախ կլիներ, եթե տարբեր ոլորտի մասնագետներ ու փորձագետներ օգնության հասնեին՝ ավարտուն տեսքի բերելու նախապես մշակած «Ծովային օրենսդրությունը»: «Ես այդ աջակցությունից ոչ միայն չեմ հրաժարվի, այլ անչափ շնորհակալ կլինեմ, որպեսզի անվտանգային ոլորտի այս կարևոր նախագիծը մշակենք միասին»,-հայտարարել է Վիլենը:

Նոր Հայաստանի դեմքն է Վիլենը, իսկ ավելի ճիշտ՝ ՔՊ-ականների կոլեկտիվ մի կերպար, որ դեռ մինչև երեկ ընդամենը «նավակ ճոճող» էր, իսկ արդեն այսօր՝ «Ծովային օրենսդրության» հեղինակ: Երևի որոշել է Հայաստանը ծովից՝ ծով դարձնել Վիլենը, ու հիմա դրա համար նախնական օրենսդրական հիմքեր է նախապատրաստում, որ հետո պրոբլեմներ չծագեն ծովի ջրերում նավակ ճոճելու ժամանակ: Նավակ ճոճող ու ծով՝ հիրավի հիասքանչ բնապատկեր՝հայրենի խորհրդարանում, իսկ բնորդի դերում՝ ֆեյսբուքյան յուզեր…

Ծովային օրենսդրություն մշակելուց կամ աղմուկի մասին մտքեր երկնելուց առաջ լավ կլիներ՝ մտածեին Նիկոլի հունիսքսանյոթյան առցանց ասուլիսի ադրբեջանական արձագանքների մասին. Բաքուն արագ տեմպերով պատերազմի է պատրաստվում՝ «Նավակ ճոճողի» ֆանտազիաների համար տեղ չթողնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել