44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մի քանիսի հարազատներն այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց զոհված զինծառայողներից մեկի ծնողը։

Ծնողները հարցաքննվելու են մայիսի 20-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները Գլխավոր դատախազության շենքի դիմաց հայտարարել էին՝ ապացույցներ ունեն, որ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպումն անցել էր լարված մթնոլորտում եւ մի քանի դրվագներ պատմել այդ հանդիպումից։

Մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման մասին այսօր հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն. «Ավելի քան 40 ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով եւ ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի, նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել