Mediahub.am-ը գրում է.

MediaHub.am-ի տեղեկություններով՝ իրավապաշտպան Մարիա Պողոսյանը փորձում է ունեցած կապերն օգտագործելով իր մեքենան տեղափոխել փորձած ամբարձչի վարորդից «գումար քամել»։ Այսպես, գանք սկզբից․ 2021 թվականի հունվար ամսին Երևան քաղաքում տեղի է ունեցել պատահար իրավապաշտպան Մարինա Պողոսյանին պատկանող BMW մակնիշի մեքենայի մասնակցությամբ, մասնավորապես՝ Մարինա Պողոսյանին պատկանող մեքենայի անսարքության պատճառով վերջինս կանչել է ամբարձիչ մեքենա, և BMW մեքենան ամբարձիչի վրա տեղադրելիս կարճ բարձրությունից ամբարձիչի ճոպանները պոկվել են և BMW մակնիշի մեքենան ընկել է: Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել և հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ գույքային վնաս պատճառելու փաստի առթիվ: Շուրջ մեկ ու կես տարի գործը քննվում է, սակայն կան խնդիրներ, որոնք MediaHub.am-ի հետ զրույցում բարձրաձայնել է ամբարձչի վարորդի փաստաբան Գայանե Պապոյանը։

Ըստ Պապոյանի՝ իր պաշտպանյալն ի սկզբանե պատրաստ է եղել վերականգնել պատճառված վնասը, սակայն մեքենային պատճառված իրական վնասի վերականգնումը չի բավարարել տուժողին և Մարինա Պողոսյանը տևական ժամանակ քննվող քրեական գործի ընթացքում բոլոր հնարավոր լծակներով ամեն բան արել է, որպեսզի իր պաշտպանյալից /գործով մեղադրյալ Ասրյանից/ մի քանի միլիոն գումար ստանա:

«Քրեական գործով նշանակվել են մի քանի ապրանքագիտական փորձաքննություններ, որոնցով Մարինա Պողոսյանի մեքենային պատճառված վնասը գնահատվել է նախ 715.000 ՀՀ դրամ, ապա 615.000 ՀՀ դրամ, որը իմ պաշտպանյալը պատրաստակամ է եղել վճարել, սակայն Մարինա Պողոսյանը, չգիտես ինչ հաշվարկ կատարելով, որոշել է իմ պաշտպանյալից ստանալ մի մոտ 5.000.000 ՀՀ դրամ»,- նշեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ Մարինա Պողոսյանն իր պաշտպանյալին է վերագրում մեքենայի նաև այն վնասվածքները, որոնք կապ չունեն պատահարի հետ։ Եվ, Մարինա Պողոսյանի գործողությունների շնորհիվ իր պաշտպանյալի մեքենան, որը հանդիսանում է ընտանիքի՝ 4 մանկահասակ երեխաների, միակ եկամտի աղբյուրը, գտնվում էր քննչական մարմնում և շուրջ 1.5 տարի քննչական մարմինը և դատախազությունը չեն վերադարձնում այն։

«Երբ մեր օրինական դիմում-խնդրանքը վերջապես բավարարվեց գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, Մարինա Պողոսյանը իրեն հասանելի բոլոր հնարավոր մեթոդներով ամեն ինչ արեց, որպեսզի քննչականն ու դատախազությունը պատասխանատվություն կրեն իրենց օրինական գործողությունների կատարման համար»,- ներկայացրեց Պապոյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ Մարիա Պողոսյանը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մտերիմն է, և դա նրա համար, այսպես ասած «կանաչ լույս» է։ Եվ, թերևս, դա է պատճառը, որ Մարինա Պողոսյանն այս գործով հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել բոլոր այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք իրեն հաճո որոշումներ չեն կայացրել, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի դատախազի դեմ։ Հավելենք, որ Մարինա Պողոսյանի մեքենան գրանցված է այլ անձի անվամբ։

Վերջինիս անունից նաև քաղ հայց է ներկայացվել դատարան՝ վնասի հատուցման պահանջի մասին։ Հիմքում դրվել է այն, իբրև Մարինա Պողոսյանն ավտոմեքենայի վաճառքի համար նախավճար է ստացել, և չկարողանալով փաստացի մեքենան վաճառել, հետ է վերադարձրել նախավճարի կրկնակին։ Առաջին ատյանի դատարանը հայցը մերժել է, սակայն Վերաքննիչ դատարանն, առանց որևէ պատճառաբանության, դատական ակտը բեկանել և փոփոխել է, հայցը՝ բավարարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել