Եռաբլուրն ամեն օր յուրովի դաս է տալիս իր այցելուներին։ Այնտեղից բացվում է մի տեսարան, որը ոչ մի այլ տեղ չեք տեսնի. մի օր Մասիսն է պարզ ու այնքան մոտ թվում, ասես ամեն կերպ ուզում է աչքիդ առաջ լինի, որ չմոռանաս իր մասին, մի օր էլ Արագածն է մռայլ ամպերի միջից ընկած արևի լույսերն անդրադարձնում, ասես ցույց տալով, որ անկախ արհավիրքների, հայը կառչած է այն հողից, որի վրա ապրում է։
Հաճախ գնացեք Եռաբլուր։ Այնտեղ արթնանում են անհայրենիքության թմբիրից, այնտեղ ոչ թե ներում, այլ վրեժով են լցվում թշնամու նկատմամբ։
Ամեն անգամ, երբ կսկսեք համակերպվել էս իրականությանն ու կցանկանաք մոռանալ թշնամու վայրագությունները, պարզապես գնացեք Եռաբլուր, ու նայեք այն հայացքներին, նայեք սառը քարերից ժպտացող այն տղերքին, ովքեր ամենաշատն էի ցանկանում ապրել, ովքեր ամենաշատը իրավունք ունեին էս հողի վրա քայլելու։ Հետո փորձեք խղճուկ արդարացումներ գտնել այդ ամենի հեղինակների ու պատասխանատուների համար։ Բայց դա արեք բարձրաձայն, որ ինքներդ լսեք ձեր ձայնն ու ամաչեք ձեր մտքերի համար։
Հաճախ գնացեք Եռաբլուր։ Այնտեղ ազգի խիղճն ա ննջում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել