Նիկոլի՝ խորհրդարանում հնչեցրած այն հայտարարությանը, թե ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա, գրեթե անմիջապես հաջորդել է Ալիևի նոր ռազմատենչ հայտարարությունը: Մասնավորապես՝ Ալիևը, խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է, որ եթե միջանցքը չբացվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին՝ վստահեցնելով՝ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։

Նիկոլի չարագույժ հայտարարությունների արմատն ու դրդապատճառը կարծես բացահայտվում է. գերխնդիրը «Զանգեզուրի միջանցք» կոչվող չարաբաստիկ պրոյեկտն է, որի մասին, ըստ երևույթին, Բաքվի ու Երևանի պատկերացումները տարբեր են՝ գոնե ֆորմալ առումով:

Ինչո՞ւ է Ալիևը սպառնում, եթե հայկական կողմը անընդհատ խոսում է ճանապարհները բացելու պատրաստակամության մասին՝ շեշտելով, սակայն, որ այդ ճանապարհները գործելու են ոչ միջանցքային տրամաբանությամբ: Կամ Ալիևն ի՞նչ է ակնարկում՝ ասելով, որ Հայաստանը հայտարարություն է ստորագրել: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին է խոսքն, ապա այնտեղ «միջանցք» տերմինն օգտագործվում է բացառապես Լաչինի դեպքում: Թե՞ իրականում Նիկոլն այլ բան էլ է ստորագրել՝ ասենք գաղտնի հավելված, որը հենց միջանցք է նախատեսում, այլ ոչ թե ճանապարհ: Ի դեպ՝ այս առումով չափազանց խոսուն են հնչում վերջերս Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին արած խորհրդավոր ակնարկները. Հակոբյանը վստահություն էր հայտնել, որ եթե բացահայտվի փաստաթղթի ողջ բովանդակությունն, ապա ոմանք անգամ սեփական տուն չեն կարողանա մտնել:

Մյուս կողմից՝ ուշագրավ է այն, որ Ալիևի հայտարարությունը հնչում է Լավրովի՝ Երևան կատարած այցին հաջորդող Բաքու կատարելիք այցի, Ալեն Սիմոնյանի՝ Իրանում գտնվելու ֆոնին, ինչը հանգեցնում է հաստատ համոզման, որ Ալիևը բնավ կատակ չի անում, և բացառված չէ անգամ, որ սպառնալից հայտարարության հասցեատերը ոչ թե Նիկոլն է, այլ ասենք Իրանը, որն ինչպես հայտնի է, դեմ է միջանցքային տրամաբանությանը՝ այն համարելով իր կարմիր գիծը:

Հայաստանը կարո՞ղ է կիսել Արցախի ճակատագիրը: Դա կարող է անխուսափելի լինել,եթե իշխանության մնաց Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել