Անվերջ խաբեություն

Նիկոլը, կրկին իր ոճի մեջ, փորձել է հանրությանն ապացուցել, որ իրենից առաջ Հայաստանը 20 տարի կառավարած ուժերը ՔՊ-ից ոչնչով լավը չեն՝ մեղադրելով երկրորդ ու երրորդ նախագահներին, Դաշնակցությանը Ղարաբաղը Ադրբեջանի մաս համարելու համար: Որպես իր թեզի ապացույց Նիկոլը վկայակոչել է բանակցային պատմությունն ու այդ պատմության մաս հանդիսացող «Ընբհանուր պետության» ու «Տարածքների փոխանակման» փաթեթները՝ եզրակացնելով, որ եթե նախկիններն Արցախն արդբեջան չհամարեին, ապա այդ փաթեթները գոյություն չէին ունենա:

Փաշինյանը բացարձակ տխմարություն է դուրս տվել. մատնացույց անել հակառակորդի ջանքերով տապալված փաթեթներն ու վերջում գալ նման եզրահանգման, կարող է կա՛մ տխմար մեկը, կա՛մ մանիպուլյացիայի մեծ վարպետ հանդիսացող անձը: Տվյալ պարագայում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ:

Միջազգային իրավունքի տեսանկյունից, այո՛, Արցախը միշտ էլ համարվել է ադրբեջանական տերիտորիա: Հարցն այն է, որ հայկական կողմը, գուցե գնալով ընդդեմ աշխարհի, ամեն ինչ արել է՝ Արցախի հարցը դուրս բերելու այդ տրամաբանությունից՝ ջանալով հակասության մեջ չմտնել նույն միջազգային իրավունքի հետ, տարանջատելով արցախյան խնդիրը Արդբեջանի տարածքային ամբողջականության թեմայից: Ամբողջ բանակցային պրոցեսի, առհասարակ բանակցությունների իմաստը կայացել է հայկական կողմի տեսլականը, որն ենթադրում է անկախ Արցախ, կյանքի կոչելում՝ անկախ այն բանից, թե այս կամ այն փաթեթում կամ համանախագահների այս կամ այն առաջարկներում ինչ է գրված եղել: Չի ասվել, որ Հայաստանն Արցախ է, և վե՛րջ, սակայն բանակցությունները տարվել են հանուն դրա ու այդ նպատակին հասնելու համար:

Հիմա որ Նիկոլն իրեն պատռելով բազմության առաջ ասաց Հայաստանն Արցախ է, և վե՛րջ, ի՞նչ եղավ, Արցախը դարձավ ծովից ծո՞վ: Եղավ պատերազմ, այնինչ կարող էր և չլինել, եթե նույն Նիկոլը մի փոքր ավելի շրջահայաց լիներ ու լոպազություն չդրսևորեր, չսադրեր ու չփորձեր դրանով երկրի ներսում իբր հեղինակություն ձեռք բերել: Հիմա սրա-նրա վրա մեղքը գցելը ոչինչ չի տալու ո՛չ վիզը ծուռ մնացած Նիկոլին, ո՛չ էլ Արցախին. ուշ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել