Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ անհայտ անձինք, վարելով «Մերսեդես» մակնիշի մեքենա, տեռորի էին ենթակել հրապարակում գտնվող մարդկանց՝ դիտավորյալ կերպով վարելով մեքենան վրաններից մեկի ուղղությամբ, ինչի մասին տեղեկացրել էր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանը, կան բերման ենթարկվածներ, նախապատրաստվում են նյութեր:

Տեղի ունեցածն ակնհայտորեն չի կարող գնահատվել՝ բացառապես կենցաղային հողի վրա կատարված միջադեպ. չտեսնել այս ամենում քաղաքական կոնտեքստ կնշանակի առնվազը կույր լինել: Նպատակ է եղել՝ վախեցնելու Ֆրանսիայի հրապարակի ընդդիմադիր ժողովրդին, ստիպելու նրանց ու հանրության մյուս անդամներին քաղաքի այդ վայրը համարել ոչ ապահով: Ըստ երևույթին կազմակերպիչները նպատակահարմար են համարել հենց նման խուլիգանական մեթոդներով ներգործել մարդկանց հոգեբանության վրա, որ շարժումը հետզհետե մարի, մարդիկ վախենան գալ կամ գիշերել Ֆրանսիայի հրապարակում:

Հիմա գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ովքեր են փաստացի մարդկանց վրաերթի ենթարկելու փորձ արած խուլիգաններն, այլ այն, թե ովքեր են կանգնած նրանց հետևում: Օրինակ՝ Գռզոն կարո՞ղ էր նման էժանագին քայլ մտածել՝ նկատի ունենալով նաև առնվազն օդից կախված, բայց հավաստի լուրերն այն մասին, որ ընդդիմադիրների նկատմամբ այս շաբաթներին բռնություն գործադրածների թվում քիչ չեն որոշ օլիգարխների՝ համազգեստ հագած թիկնապահներ:

Նկատենք, որ գործելաոճը գռզոների ձեռագրին շատ նման է, և մնում է միայն հույս հայտնել, որ ոստիկանությունում դեպքը լիարժեքորեն կբացահայտվի, կպարզաբանվեն հանգամանքները:

Մյուս կողմից, իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե որևէ մեկը կհամարձակվի տալ օլիգարխների կամ կազմակերպիչների անուններ, եթե դրանք կան. սա Հայաստանն է, որտեղ առաջնային է համարվում ոչ թե իրավունքն ու անվտանգությունն, այլ՝ քաղաքական նպատակահարմարությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել