Հայաստանին սպառնացող «պարզեցված ռեժիմը»

ՌԴ արտգործնախարար Լավրովը, լրագրողների համար կազմակերված ասուլիսի ժամանակ անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցին, տեղեկացրել է՝ երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը, և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը հաստատվելու է: Այն, ըստ ռուս պաշտոնյայի, պարզեցված է լինելու: «Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքային սուվերենության ճանաչման վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Լավրովի խոսքում երկու կարևոր հանգամանք կա. մեկն այն է, որ, փաստորեն, չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական մոդելն է չեղարկվում, որի հիմքը ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ սուվերեն միջանցքի գաղափարն էր, մյուսն էլ այն է, որ այդ ճանապարհը կամ ճանապարհները գործելու են պարզեցված ռեժիմով:

Թե ինչ է նկատի ունեցել Լավրովը «պարզեցված ռեժիմ»-ի տակ, նա կարծես չի մանրամասնել՝ հայտարարելով, որ դեռևս քննարկումներ են ընթանում՝ «հազար չափելու, մեկ կտրելու» տրամաբանությամբ:

Լավրովի խոսքերը բավական խորհրդավոր են թվում, ու առաջ է գալիս զգուշավոր հարց, թե ի՞նչ պարզեցված ռեժիմի մասին է խոսքը: Արդյոք հաստատվելիք ռեժիմի արդյունքում Հայաստանը առնվազը տնտեսապես շահելո՞ւ է, թե՞ ոչ, հնարավո՞ր է, արդյոք, որ այդ պարզեցված ռեժիմի արդյունքում հայաստանյան ճանապարհները պրակտիկորեն դառնան հենց միջանցք թշնամի պետությունների համար, ի՞նչ մաքսային դրույքաչափեր են գործելու այդ դեպքում և այլն: Այսիքն՝ հենց հիմա ընթանում է մի պրոցես, ընթանում է բանակցություն, որտեղ եթե հայկական կողմը չդրսևորի պրոֆեսիոնալիզմ ու շրջահայացություն, սկզբունքայնություն, վաղը կարող է ուշ լինել:

Հարցն էլ հենց այն է, որ հայկական կողմը բանակցությունների սեղանին ներկա փուլում ներկայացված է այնպիսի դեմքերով, որոնք թուրքի «հա»-ին երբեք «չէ» չեն ասի, ու եթե նույն Ադրբեջանն առաջարկի ասենք տարեկան ֆիքսված 100 մլն դոլարի դիմաց իրեն հանձնել կարևոագույն այդ ուղիները, սրանք համաձայնվելու են:

Արդյունքում ճանապարհները ֆորմալ առումով կհանդիսանան Հայաստանինը, բայց պրակտիկորեն կդառնան թուրք- ադրբեջանական ներքին մայրուղիներ՝մեզ համար դրանից բխող աշախրհատնտեսական ու աշխարհաքաղաքական բացասական հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել