«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում տնտեսվարողները հայտնվել են անելանելի դրության մեջ. պատճառը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն է: «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Կենտրոնական բանկի պահանջով բանկերը հրաժարվում են տնտեսվարողի ունեցած ՀԴՄ սարքերի վրա պոստ-տերմինալ ակտիվացնել եւ պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն թավշյա հեղափոխությունից հետո»։

Ըստ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ այսօր կա 61 հազար 921 նոր սերնդի ՀԴՄ, որոնցից 12 հազար 546-ն ունեն անկանխիկ ստանալու հնարավորություն: «Նոր սերնդի ՀԴՄ նշանակում է, որ ցանկացած ՀԴՄ սարքի տիրապետող կարող է դիմել բանկին եւ ակտիվացնել պոստ-տերմինալով վճարում ընդունելու հնարավորությունը: 49375-ի մոտ այդ ծառայությունն ակտիվացված չէ»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ հին սերնդի 514 ՀԴՄ է մնացել, որ օրենքի խախտմամբ է, եւ ստիպված են լինելու տուգանել կամ այլ սանկցիոն միջոցներ կիրառել տնտեսվարողի նկատմամբ:

Իսկ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը առաջարկում է պատկան կառույցներին խնդիրը մինչեւ հուլիսի 1-ը կարգավորել, հակառակ դեպքում տնտեսվարողները ստիպված են լինելու անհնազանդության ակցիաներ իրականացնել: «Հենց այդ ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100-150 հազար դրամ վճարել։ Ինքս երեք սարք եմ ձեռք բերել եւ ծախսել 450 հազար դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը եւ եւս 450 հազար դրամով ձեռք բերեմ նոր երեքը»,- վրդովվեց մեր զրուցակիցը։

Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է կողմնորոշվել՝ ինչ են ուզում պետական կառույցները, այլ ոչ թե ամեն ղեկավար իր քմահաճույքը թելադրի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել