Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը 3 միլիոն պեսո (26 000 դոլար) վարկ է վերցրել՝ գիտական ինստիտուտին կամավոր նվիրատվություն անելու համար՝ հակաքովիդային միջոցների խախտման վերաբերյալ գործը դադարեցնելու դիմաց: Այս մասին հինգշաբթի հայտնել է Clarín թերթը, գրում է ՏԱՍՍ-ը։

Թերթի փոխանցմամբ՝ պետության ղեկավարը վարկ է վերցրել մասնավոր բանկից, որի հաճախորդն է եղել երկար տարիներ։ Այժմ Ֆերնանդեսը և առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեսը պետք է Մալբրանի գիտական ինստիտուտին փոխանցեն համապատասխանաբար 1,6 և 1,4 միլիոն պեսո։ Դրանից հետո պետության ղեկավարի դեմ գործը կփակվի։

Երկուշաբթի դատարանը հաստատել է համաձայնությունը Ֆերնանդեսի և դատախազի միջև, որը հետաքննում էր կարանտինային միջոցառումների խախտումն անցյալ հուլիսին՝ նախագահի կնոջ ծննդյան տոնակատարության ժամանակ:

Անցյալ տարվա օգոստոսին Արգենտինայում սկանդալ էր բռնկվել՝ կապված 2020 թվականի հուլիսի 14-ին՝ առաջին տիկնոջ ծննդյան օրը, նախագահական նստավայրում արված լուսանկարների հրապարակման հետ։ Ֆերնանդեսին ու Յանյեսին լուսանկարել են 10 հոգու հետ՝ չնայած այն ժամանակ հանրապետությունում համավարակի պատճառով փակ հանդիպումների արգելք կար։ Լուսանկարների հրապարակումից հետո Արգենտինայի նախագահը հաստատել է, որ Յանյեսը հյուրեր է հրավիրել ծննդյան խնջույքին և ներողություն խնդրել տեղի ունեցածի համար։ Դատախազությունը գործ է հարուցել նախագահի, առաջին տիկնոջ և նրանց հյուրերի դեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել