«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչպե՞ս են տեսնում իշխանականները ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ, ով անդրադառնալով ընդդիմության քաղաքական ակցիաներին, նկատեց.

- Նախ, դրանք ոչ թե ընդդիմադիրներ են, այլ` ռեւանշիստներ, որոնք գիշեր-ցերեկ երազում են, որ գան իշխանության: Բայց հասկացել են, որ երազախաբ են լինում ու սկսել են արդեն վերջին ջիգերը գործադրել՝ արենայում մնալու համար: Սրանք հիմա ամեն ինչ անում են, որ կառավարության բանակցությունները վարի տան, որ Ռուսաստանում, Եվրոպայում Հայաստանի ղեկավարությունը գլուխը կախ մնա, բայց չի ստացվում: Ամեն ինչ արվում է՝ ի վնաս հայ ազգի, ովքեր ապակայունացնում են մեր երկրի վիճակը: Սրանց ուզածը որն ա՞, կարա՞ք ինձ ասեք: Ասում են, որ Արցախն են փրկում, բայց հիմա բացի «Փաշինյան հեռացիր» լոզունգից, Դուք ուրիշ բան լսո՞ւմ եք: Հա, մեկումեջ էլ Արցախ են ասում, որ իրենց ռեւանշիստական նկտրումները հանկարծ չբացահայտեն: Եթե էդքան մտահոգ են Արցախով, թող հելնեն, գնան Արցախ, կանգնեն Շուշիի մոտ՝ իրենց պլակատներով ու գոռան, որ Ալիեւը հետ տա սաղ հողերը: Սրանք էնքան հիմար են, որ չեն մտածում, որ Փաշինյանը հեռացավ, Փաշինյանի թիմից մեկ ուրիշն է գալու, իրենք երբեք իշխանության չեն գալու: Սրանց նպատակը իշխանության գալն է, բայց դա չի լինելու, էս ժողովուրդը սրանց ատում է (պարոն Մելքոնյանը երեւի լավ չի պատկերացնում, թե որն է ժողովրդի ատելությունը: Նիկոլն ավելի լավ է դա հասկացել, երբ առանց հազարավոր ոստիկանների տանն էլ չի տեղաշարժվում- հեղ.) Անճարությունից ընտանիքներով են հելնում փողոց, որովհետեւ աջակիցներ չունեն: 

- Պարոն Մելքոնյան, Աղվան Վարդանյանը, ասում է, որ ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք կգան ու կմիանան, սակայն այսօր պատանդի կարգավիճակում են մնում կուսակցությունում:

- Ես պատասխանատու հայտարարում եմ` ՔՊ-ից ոչ ոքի մտքով կյանքում չի անցել ու չի անցնի՝ միանալ դրանց: Ավելին ասեմ, մենք արհամարհած ունենք էդ խուժաններին (սա արդեն վիրավորանք է, հրավիրենք նիկոլյան իրավապահների ուշադրությունը սրա վրա- հեղ.): Դերասանություն են անում, որ ի՞նչ: Հասկացանք, որ պատերազմ է եղել, ոչ ոք էդ պատասխանատվությունից չի խուսափում, բայց դեռ կտեսնենք, նոր-նոր ջրի երես է դուրս գալու, թե ովքեր են իրական մեղավորները: Հեսա քննիչ հանձնաժողովը բոլորին առանց բացառության կանչելու է, թե՛ իշխանությունից, թե՛ էդ փողոցում հավաքվածներին ռուլիտ անողներից: Օրինակ, Սեյրան Օհանյանը «Նիկոլ հեռացիր» գոռալուց առաջ, թող գա ասի, թե էդ ոնց եղավ, որ Շուշիի վերջին «լույսերը անջատողներից» մեկը ինքն էր, թող ասի (ձեր Արգիշտի Քարամյանի հետ, չմոռանանք, նրանք միասին են հեռացել Շուշիից- հեղ.):

- Դե, Սեյրան Օհանյանը ասում է, որ ինքն ընդամենը որպես խորհրդատու է եղել Շուշիում: Նա, չմոռանանք, այդ ժամանակ զինվորական չէր, եւ դա անհերքելի փաստ է:

- Ինչ վերաբերում է խորհուրդ տալուն, էդ ժամանակ մենք եղել ենք հյուսիսային մասում, մենք էլ ենք խորհուրդներ տվել, ու էդ սահմանը մի մետր հետ չի եկել: Բա իրենք էլ թող նենց խորհուրդ տային, որ թշնամին Շուշի չհասներ: Ասում են` հանձնեցին, բա թող ժամանակին Սեյրան Օհանյանը ասեր, գոռար, որ ժողովուրդ, Շուշին հանձնում են, փրկեք:

- Պարոն Մելքոնյան, արդեն մեկ տարի է` ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, եւ ինչպես նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օկուպացրել է 41 քառ. կմ տարածք: Այ, դրա հետ հաստատ Օհանյանը կապ չունի, ողջ պատասխանատվությունը ձեր թիմի վրա է: Ուրեմն, ե՞րբ են դուրս գալու:

- Ադրբեջանցիներն ասում են. «Ո՞վ կարող է ասել՝ մեր տարա՞ծքն է, թե՝ ձեր. հնարավոր է մեր տարածքն է»: Սահմանազատման, սահմանագծման աշխատանքները որ ավարտվեն, կհասկանանք, թե այդ սահմաններն ումն են, եւ ամեն մեկը որտեղ պետք է կանգնած լինի: Բայց մենք գիտենք, որ դրանք մեր տարածքներն են: Ոչ միայն Սեւ լճի տարածքը, այլ նաեւ Գեղարքունիքի մարզի Սոթք եւ Սյունիքի մարզի Խոզնավար հատվածներն են մտել: Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մինչեւ սահմանազատում, սահմանագծում չլինի, մենք ադրբեջանցիներին չենք կարող մեր սահմաններից դուրս շպրտել: Մենք պատերազմի չենք պատրաստվում գնալ:

- Սրան զուգահեռ, պարբերաբար կրակոցներ էլ են հնչում սահմանին: Սրան ի՞նչ կասեք:

- Քանի իրավիճակը սենց է, կրակոցներ կլինեն անպայման: 30 տարի կրակոցներ եղել են, էլի կլինեն: Մինչեւ մենք մեր բանակը չուժեղացնենք, չհզորացնենք, մենք ուրիշի վրա հույս չենք կարա դնենք: Հիմա նորից վիրավորներ կլինեն, նորից զոհեր կլինեն, քանի մենք ամուր մեր ոտքի վրա կանգնած չենք, իսկ ընդդիմադիրները իրենց կողմից ջուր են լցնում այս իրավիճակի սրացման վրա:

- Էս իրավիճակում ինչպե՞ս ենք գնում խաղաղության:

- Ուրեմն, մենք պետություն ենք, ունենք հարեւան պետություն, ուրեմն հավերժական թշնամի չի լինում, հավերժական բարեկամ չի լինում: Պետությունը պիտի ունենա իր շահերը: Պետության շահը որտեղ որ կա, ինքը պիտի այնտեղ լինի: Հանուն իր շահի պետք է բարեկամանա, հանուն իր շահի՝ կարող է թշնամանա, մենք այդ բանով պետք է առաջնորդվենք: Մենք ասում ենք` մեր բոլոր հարեւանները թշնամի են, մենք պրծանք: Ո՛չ: Մենք պիտի բոլորի հետ էլ, Իրանի հետ էլ, տո թուրքերի հետ էլ… 100 տարի մեր ուղեղի մեջ մտցրել են, թե թուրքերը ձեր թշնամիներն են, հա` լա՛վ, հասկացանք, ինչի թշնամու հետ չի՞ կարելի բան անել, ինչ-որ կապ ստեղծել: Հա, ինչքա՞ն: Մենք մեր անցյալը բերում դնում ենք ապագայի հետ, ապագան տանում ենք անցյալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել