Բավական մեծ արձագանք են ստացել Թուրքիայի արտգոծնախարար չավուշօղլուի՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, լրագրողների հետ զրույցում արած հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական պրոցեսի հետ: Չավուշօղլուն փաստացի իր աջակցությունն էր հայտնել Նիկոլի իշխանությանը «երկրի ներսում արմատականների», իսկ դրսում Սփյուռքի ճնշման ֆոնին՝ հայտնելով,որ ոչ միայն պետքարտուղար Բլինկենին,այլև իրենց մյուս գործընկերներին կոչ են արել է՛լ ավելի խրախուսել Հայաստանին: «Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուի հայտարարությունները Նիկոլի համար, իհարկե, դրական են՝ չհաշված այն արձագանքը,որ ստացվել է դրանցից հետո Հայաստանի ներսում ու Սփյուռքում՝ հասկանալի պատճառներով:

Թուրքիան գրեթե համարժեք աջակցություն էր հայտնել Նիկոլին, երբ երկրում առաջ էր եկել հեղաշրջման իրական վտանգ: Հիմա, փաստորեն, գրեթե նույն բանն է տեղի ունենում. ընդդիմության պայքարի ֆոնին Թուրքիան կրկին անգամ իր աջակցությունն է հայտնում Նիկոլին՝ օգտվելով նաև նույն Արևմուտքի շահագրգռվածությունից՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները:

Միաժամանակ Թուրքիայի աջակցությունը՝ Նիկոլին համահունչ է Արևմուտքի կեցվածքի հետ (ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունները՝ վկա), ինչը շահավետ է թե՛ Նիկոլի, թե՛ Թուքիայի համար: Մյուս կողմից՝ Նիկոլի համար անծայրածիր հորիզոններ կարող են բացվել նաև ՌԴ հետ երկխոսության հարցում՝ նկատի ունենալով, որ ՌԴ-ն չի կարող բացահայտորեն դեմ դուրս գալ Նիկոլին ու Թուրքիային, քանի որ դրանով նրան է՛լ ավելի կհրի Արևմոտքի ու Թուրքիայի գիրկը՝ զուգահեռաբար փչացնելով հարաբերություները Թուրքիայի հետ: Հիմա ՌԴ-ն պետք է կա՛մ հայ-թուրքական հաշտեցման հիմնական գործիքակազմ դարձած Նիկոլին միանգամից ու անակնկալ կերպով հեռացնի՝ հնարավորության դեպքում գործի դնելով արտակարգ միջոցներ, կա՛մ պետք է շարժվեն Նիկոլի ու Թուրքիայի սցենարով՝ փորձելով դառնալ հայ-թուրքական հաշտեցման հովանավորներից մեկը կամ՝ գլխավորը՝ «Եթե չես կարողանում պրոցեսը կանգնեցնել, ապա գլխավորիր այն» հայտնի սկզբունքով: Բայց ողջ խնդիրն էլ հենց այն է, որ Արևմուտքը թույլ չի տալու Ռուսաստանին պրոցեսը գլխավորել կամ առնվազը դառնալ դրա գլխավոր բենեֆիցիարներից մեկը՝ պրոցես, որի թիրախը հենց Մոսկվան է. այս սիրախաղի վերջնարդյունքում ՌԴ-ն պետք է դուրս մղվի տարածաշրջանից: Գլխավոր բենեֆիցիարը կոլեկտիվ Արևմուտքն է լինելու, որ կարողանալու է ՌԴ ազդեցությունից վերջապես դուրս բերել Երևանին՝ Անդրկովկասում երբեմնի ՌԴ միակ ու իրական դաշնակցին:

Ո՞վ է անձնապես շահում այս ողջ պատմությունից: Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել