Tert.am-ը գրում է.

Օր օրի մեր շարքերն ավելանում են՝ բազմաթիվ վարորդներ ժամերով մնալով խցանումների մեջ, դադարեցնում էին երթևեկությունը ու միանում մեզ․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Նա նշեց, որայսօր բերման ենթարկվածների թիվը մեկ տասնյակից չի անցնում՝ ի տարբերություն նախորդ օրերի, երբ թիվը հասնում էր 600-700 հոգու։

«Մենք պայքարում ենք նաև ՀՀ Սահմանադրության համար, այն Սահմանադրության, որտեղ հստակ գրված է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է և հայոց բանակն ու պետական ղեկավարությունը պարտավոր է դա պահել․ այսօրվա իշխանությունները դա չեն անում։ Ուրեմն նաև հանուն Սահմանադրության է մեր պայքարը»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև քարոզչությանը՝ «եթե պայքարող եք՝ գնացեք Արցախում պայքարեք»։

«Դրանով վիրավորում են մեզ՝ այստեղ գտնվող իսկապես արժանապատիվ քաղաքացիներին․ այս հրապարակում ներկա մարդկանց մեծամասնությունը անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմներին, այստեղ հաճախ կանգնած են լինում Արցախի և ՀՀ ազգային հերոսներ, այստեղ են հերոս որդիներ կորցրած ծնողներ, մարդիկ, ովքեր կորցրել են ձեռքերը, ոտքերը։ Բայց այդ պատերազմը մենք պարտվեցինք, որովհետև ունեինք դավաճան ղեկավարություն։

Ուրեմն վե՛րջ տվեք այդ սրիկայությանը․ երբ պետք էր՝ Արցախում էինք, այսօր Արցախի ու Հայաստանի ճակատագիրը որոշվում է այս հրապարակում, դրա համար մարդիկ դուրս են եկել այդ քաղաքական պահանջի հետևից։ Ուրեմն սրանից հետո որևէ մեկը չփորձի պիտակավորել․ այսօր հարցն ունի քաղաքական լուծում՝ համաժողովրդական ճնշմամբ պիտի դուրս վռնդենք այս իշխանությանը՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել