Tert.am-ը գրում է․

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը կայուն ծանր է, նա հիվանդանոցում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Երեկ փորձել են հարցաքննել, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր երեկ, սակայն ուշ երեկոյան նրան ստորագրությամբ ազատ արձակելու որոշում էր կայացվել։ 

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել