168.am-ը գրում է․

«Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանն այսօր էլ Հայաստանում ճանապարհաշինարարական և շինարարական այլ ծրագրերի այտիվ մասնակից է:

Նոր իշխանությունների հետ ևս Բեզոյանի համագործակցությունը բեղուն է. տասնյակ պայմանագրեր են կնքվել Էդուարդ Բեզոյանի «Ճանապարհ» ընկերության հետ:

Այսօր էլ կառավարությունը չզեկուցվող նախագծով մեկ անձից գնման ընթացակարգով թույլատրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 80+920 հատվածի վրա գտնվող Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից»՝ առավելագույնը 40 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ (ութ ամսվա առավելագույն սպասարկման արժեք, ներառյալ՝ ԱԱՀ):

Հիմնավորման մեջ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների ձեռքբերման նպատակով 24.11.2021թ. հայտարարված գնման ընթացակարգը՝ 1-ին չափաբաժնի մասով չկայացած հայտարարելու և Մ 4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 80+920 հատվածի վրա գտնվող Դիլիջանի թունելի (այսուհետ՝ Դիլիջանի թունել) պահպանման աշխատանքների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Իսկ որպես ակնկալվող արդյունք է նշվում Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի անխափան երթևեկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել