News.am-ը գրում է.

Ես ուղղակի անցնում էի, տեսա՝ երիտասարդ տղայի գցել էին, ծեծում էին, ես էլ միջամտեցի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջուլիետա Հովհաննիսյանը, որը երեկ Երևանում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բիրտ ուժ գործադրելու հետևանքով բազուկի հատվածում կոտրվածք էր ստացել:

«Ես ցուցարար չեմ, ուղղակի անցնում էի: Երբ դեպքը տեղի ունեցավ, աչքերիս դեմը սևացավ: Չգիտեմ՝ բնազդաբա՞ր, թե պատահաբար իրենք ինձ շպրտեցին: Էլ բան չեմ հիշում: Հետո ցուցարարները եկան, ինձ տեղափոխեցին դեպքի վայրից, շտապօգնություն զանգահարեցին»,- ասաց նա։

Տիկին Ջուլիետայի հարազատներից մեկը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ պատրաստվում են հաղորդում ներկայացնել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կիևյան-Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա տեղի էր ունեցել քաշքշուկ, որի հետևանքով 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանին տեղափոխել էին «Նաիրի» ԲԿ, որտեղ հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր ձախ բազուկի կոտրվածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել