Tert.am-ը գրում է.

Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ Իշխան Սաղաթելյանը խոսել է «Դիմադրության» շարժման  վաղվա անելիքների մասին։

Նա հայտարարել է, որ առավոտյան ժամը 08։00-ին սկսում են ողջ մայրաքաղաքով անհնազանդության բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ։

«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ ժամը 08։00-ին դուրս գալ փողոց, միանալ ակցիաներին։ Փակելու ենք ճանապարհներ, կասեցնելու ենք երթևեկությունը, ամբողջ քաղաքը պետք է առավոտյան պարալիզացվի»,- ասել է Սաղաթելյանը։

Նա դիմել է հանրային ծառայողներին, պետաշխատողներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են վաղն աշխատանքի գնալ. «Տեղեկացրեք ձեր գործատուներին, որ ունեք լեգիտիմ պատճառ վաղն աշխատանքի չգնալու։ Ըստ էության քաղաքը լինելու է պարալիզացված»։

Սաղաթելյանը դիմել է ուսանողներին՝ հորդորելով վաղը չհաճախել դասի, միանալ պայքարին։

Դիմել է նաև քաղաքական, հանրային գործիչներին, մտավորականներին հասարակության բոլոր շերտերին. «Կարևոր է ձեր մասնակցությունը։ Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, սա այլևս իշխանություն չունի մեր երկրում»։

Դիմելով այն քաղաքացիներին, ովքեր մասնակցելու են ակցիաներին, կոչ է արել զերծ մնալ սադրանքներից, լինեն համախմբած, երբեք կոնֆլիկտի մեջ չմտնել սադրիչների, քաղաքացիների հետ։

Նա հայտարարել է, որ ակցիաները կավարտեն այն ժամանակ, երբ կորոշեն, իսկ երեկոյան 19։00-ին  Ֆրանսիայի հրապարակում  տեղի կունենա հանրահավաք։

«Ո՞րն է այս անհնազանդության ակցիաներ իրականացնելու պատճառը և նպատակը։  Փաշինյանի հեռացման հանրային պահանջը ձևակերպված է, այլևս ակնհայտ փաստ է, այս ակցիաների, գործողությունների միջոցով այդ հանրային պահանջը պետք է անընդհատ, ամենօրյա  ռեժիմով փաստենք,  ցույց տանք, որ ինքն այլևս երկրում չունի իշխանություն, իշխանությունը պատկանում է  ժողովրդին, կա իրական երկիշխանություն և օր առաջ այս չարիքի կառավարությանը հեռացնել, ովքեր վաղուց այլևս չեն սպասարկում Հայաստանի, Արցախի, առհասարակ մեր ժողովրդի շահերը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել