168.am-ը գրում է․

Այսօր վաղ առավոտյան Երևանում 5 տարբեր ուղղություններով մեկնարկել էր ավտոերթ, որի մասնակիցներն Արցախի ու Հայաստանի դրոշներով շրջեցին Երևանի տարբեր փողոցներում։

Այն պահին, երբ ավտոերթի մասնակիցներն արդեն ավարտում էին երթը, տարբեր փողոցներում ոստիկանության աշխատակիցները փակեցին նրանց ճանապարհը և բոլորին անխտիր բերման ենթարկեցին, իսկ երթի ավտոմեքենաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ։

Ի դեպ, ոստիկանությունը, երբ Երևանի Կորյուն փողոցից բերման էր ենթարկում ավտոերթի մասնակիցներին, պատշաճ բացատրություն չտվեց, թե ինչո՞ւ են բերման ենթարկում, ավելին՝ ավտոերթի մասնակիցները հենց ոստիկանության ներկայությամբ հայտարարեցին, որ երթի ընթացքում որևէ խախտում չեն արել։

168.am-ի հետ զրույցում փաստաբան Արմեն Մելքոնյանն անդրադառնալով ոստիկանության այս գործողություններին՝ նշեց, որ ոստիկանությունն ավտոերթի մասնակիցների նկատմամբ կիրառել է ոչ իրավաչափ ուժ։

«Ինչպե՞ս կարող են ոստիկանության այս գործողություններն իրավաչափ լինել, իհարկե իրավաչափ չե՛ն։ Եթե ավոտերթի մասնակիցները ոչինչ չեն արել, խախտումներ թույլ չեն տվել, նշանակում է՝ ոստիկանության գործողությունները նրանց նկատմամբ իրավաչափ չեն։ Ցավոք, մեր երկրում իրավունքը հետին պլան է մղվում քաղաքական պատճառներով, ցավում եմ՝ այսպես երկիր չի կառուցվում»,- նշեց Արմեն Մելքոնյանը։

Ըստ նրա, վարորդները, որոնք մասնակցել են ավտոերթերին, և նրանց մեքենաները ոստիկանությունը տեղափոխել է տուգանային հրապարակ, կարող են վարչական ակտը վիճարկել. եթե մեքենան տարել են տուգանային հրապարակ, նշանակում է՝  վարչական արձանագրություն են կազմել։

«Այդ բոլոր վարորդները թող դիմեն փաստաբաններին, որոնք այս ամենը կվիճարկեն»,- եզրափակեց Արմեն Մելքոնյանը։

Տեղեկացնենք՝ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ այսօր ավտոերթի մասնակիցներից թվով 91 անձ բերման է ենթարկվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել