Փողոցային ակցիաների օգնությամբ, համաժողովրդական շարժման միջոցով Հայաստանում թուրքական սցենարը վիժեցնել ջանացող ընդդիմությանը Քոչարյան Անդոնը մեղադրել է շարժումը մասնավոր շահերին ծառայեցնելու համար ու հայտարարել, թե ընդդիմությունը փորձ է անում սեփական ունեցվածքի պաշտպանության խնդիրը լուծել:

Անդոնն իրականում հնչեցրել է իշխանական գլխավոր «հակաթեզերից» մեկը, որով փորձ է արվում այս շրջանում հասարակությանը գցել մոլորության մեջ ու իրականությունը մատուցել շուռ տված՝ նոսրացնելու ընդդիմադիր շարժման շարքերը:

Անդոնների թեզն իրականում սերված է նիկոլիզմին հատուկ պոպուլիզմից ու պարզ դեմագոգիա է՝ իրականության հետ որևիցե աղերս չունեցող. եթե ընդդիմադիրներն ունեցվածքի պաշտպանության խնդիր են լուծում, ապա արդյոք ավելի տրամաբանական չէ՞ր լինի նրանց կողմից, եթե ոչ թե հակադրվեին, այլ պարեին իշխանությունների դուդուկի տակ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ վերջիններս կարծես աղաչում են ընդդիմությանը վերադառնալ ԱԺ: Ապօրինի գույքի պահպանության խնդիր ունեցողները պետք է ձգտեին պայմանավորվել իշխանությունների հետ նրանց իսկ պայմաններով: Ընդհակառակը՝ ընդդիմության համարձակությունն է հենց վկայում սեփական ունեցվածքի ծագման հետ խնդիրներ չունենալու մասին:

Անդոնն առաջ է քաշում նման կեղծ թեզ զուտ այն պատճառով, որ ձեռքի տակ չունի իրական հակաթեզ, որով կկարողանար հիմնավորապես հերքել իրականությունը. փորձում են խաղալ լայն զանգվածների հոգեբանության հետ՝ արծարծելով թալանի չարչրկված թեման, որը, սական, այլևս չի աշխատում:

Իսկ ցույցերի հիմնական նպատակն անգամ իշխանափոխությունն էլ չէ: Խնդիրն աթոռակռիվը չէ, խնդիրը նախևառաջ Հայաստանի ու Արցախի ոչնչացմանը տանող թուրքական սցենարի բացառումն է, որն էլ արմատապես հակասում է անդոնների ունեցած պլաններին. ի՞նչ են պատասխանելու դրսի տերերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել