168.am-ը գրում է․

Արցախի կարգավիճակի և հատկապես Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի համար պայքարի թեման շարունակում է կանխորոշել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքը: Չնայած արտաքին և ներքին իրավիճակի լարվածությանը՝ ՀՀ իշխանությունները հստակ չեն հայտարարում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ լղոզված անդրադարձներով Արցախի կարգավիճակի հարցին փորձում են տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանի հետ բանակցելու են Արցախի կարգավիճակի համար, սակայն, թե ինչ կարգավիճակի, որն ամենակարևորն է, չեն պարզաբանում:

Օրերս պարզ դարձավ, որ ի պատասխան Ադրբեջանի 5 հիմնական հայտնի առաջարկների՝ հայկական կողմն էլ իր 6 կետանոց առաջարկներն է փոխանցել Ադրբեջանին: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ մայիսի սկզբին Բրյուսելում հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, առանց մանրամասնելու՝ օրեր առաջ ակնարկել էր, որ Հայաստանն Ադրբեջանին 6 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել՝ թե միջազգային հանրությունում, թե Բաքվում ըմբռնում կա, որ խաղաղության բանակցությունները պետք է սկսվեն «5+6» օրակարգով, այսինքն՝ Բաքվի և Երևանի առաջարկած օրակարգով համատեղ:

«Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները, «5+6» կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև մենք երկարաժամկետ գտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը»,- նշել էր Գրիգորյանը:

Իր հերթին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե բոլորը տեսել են Հայաստանի ներկայացրած փաստաթուղթը, և, որ դժվար է դրանք առաջարկներ անվանել։ «Հայկական կողմի փաստաթուղթը եղել է հակազդման տեսքով՝ ընդդեմ Ադրբեջանի առաջարկների: Ես կարող եմ թվարկել 6 կետից բաղկացած արձագանքներից մի քանիսը, և եզրակացնեք՝ որքանով դա կարելի է առաջարկություն անվանել»,- ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այս կետերի առնչությամբ ասել է, որ Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը: Նա հիշեցրել է, որ ՀՀ ԱԳ նախարարը դեռևս 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:
«Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը»,- նշել է Մարուքյանը:

Հատկապես ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը հրապարակեց իր առաջարկները, Հայաստանը չի հրապարակում իր առաջարկները, ավելին, դա չի անում նաև Ադրբեջանը: Փորձագիտական համայնքի կարծիքով, ՀՀ իշխանությունները խուսափում են հրապարակել ՀՀ ներկայացրած կետերը, վախենալով հանրային արձագանքից, որն էլ ավելի կապակայունացնի ներքաղաքական իրավիճակը, քանի որ դրանք չեն արտացոլում ՀՀ այնպիսի դիրքորոշում, որը ենթադրում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ամենայն հավանականությամբ փոխանցված հայկական դիրքորոշումները չեն հրապարակվում, որովհետև որպես պատերազմի արդյունք՝ Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթաց կողմերը մտնում են այն դիրքերով, որոնցով դադարեցրել են պատերազմը: Ըստ նրա, բնականաբար, Ադրբեջանն ավելի ամուր բանակցային դիրքեր ունի, քան Հայաստանը, թելադրող դիրքեր ունի, որի արդյունքում է՛լ ավելի բաց է գործում, ու ստացվում է, որ հակառակ իրավիճակում է Հայաստանը, որի պատճառով գործընթացն ավելի փակ է Հայաստանի դեպքում, քանի որ կա գիտակցում, որ դա չունի միգուցե հանրության լայն շերտերի աջակցությունը:

«Հայկական կողմը կարգավիճակ ասելով, բնականաբար, շատ տարբեր կարգավիճակներ կարող է նկատի ունենալ Արցախի համար, չափազանց լայն է կարգավիճակների շարքը, և կոնկրետ ասել, թե անկախությունից բացի՝ ինչ կարգավիճակ են ցանկանում բանակցել ՀՀ իշխանությունները՝ բարդ է: Կամ գուցե փորձ անեն ընտրել Ադրբեջանի առաջարկներից ամենալավը, կամ տեղ թողնեն ինչ-ինչ բանակցությունների համար, սակայն հայամետ լուծումների հնարավորությունն այս պարագայում քիչ է թվում, այդ մասին չի խոսվում։ Իսկ նշաձողի իջեցման մասին խոսակցությունը ենթադրում է ցանկալի նշաձողի, այն էր՝ անկախության իջեցման, այդ մակարդակում արդեն ինչ կարող է լինել։ Շատ բարդ է ասել, քանի որ շատ տարբեր կարող է լինել»,- ասաց նա:

Վերլուծաբանի խոսքով, այնուամենայնիվ նկատելի է, որ սա բարդ գործընթաց է, որն ուղեկցվում է ներքին բողոքով, արտաքին անհասկանալի, տարաձայնություններով լի իրավիճակներով:

«Մյուս կողմից՝ Ադրբեջանը, Թուրքիան, ԵՄ-ն շտապում են, Ռուսաստանն ունի երկարաձգվող պատերազմ երկարաձգվող խնդիրներով, որոնք տարածվում են բոլոր տարածաշրջանների վրա, մյուս կողմից՝ կա ցանկություն պահելու ազդեցությունը, որն ավելի բարդ է հաջողվում: Այնուամենայնիվ, վերլուծելով այս բոլոր ծանր հանգամանքները՝ կարելի է ասել, որ լուծումները հեշտ ու մոտ չեն թվում։ Խնդիրները, դրանց կարգավորման տարբերակները ու դրանց շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը չափազանց բարդ է շուտափույթ լուծումների համար»,- ասաց Մալաշենկոն:

Ըստ նրա՝ Մոսկվան նյարդայնանում է եվրոպական հարթակում Երևան-Բաքու բանակցություններից, Հայաստանի ներսում կան բողոքներ, կա կիսափակ գործընթաց, որը գործընթացն անընդհատ «եռման» է մղում և ոչ՝ լուծումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել