Տիգրան Ավինյանը պատրաստվում է վերցնե՞լ իշխանությունը

ՎԶԵԲ պաշտոնյաները հանդիպել են Ավինյան Տիկոյի հետ, քննարկել մետրոյի նոր կայարանների և էլեկտրական ավտոբուսների ներմուծման ֆինանսավորման հարցերը։ Պարզվում է՝ Ավինյանը փող է հայթայթում՝ ՎԶԵԲ-ի միջոցով Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը զուգահեռ ձեռնամուխ լինելու նաև մեկ միջանկյալ կայարանի կառուցմանը՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ: Նաև նախատեսվում է ձեռք բերել 250 նոր էլեկտրական ավտոբուսներ:
Այն, թե որքանով են իրական բարձրաձայնվող ծրագրերը կամ կոնկրետ երբ դրանք կյանքի կկոչվեն, իհարկե, խոսակցության առանձին թեմա է: Առավել հատկանշականն այստեղ Ավինյանի ստանձնած նոր դերակատարությունն է:

2021-ի ընտրություններից հետո ստվերում աշխատող Ավինյանը, փաստորեն, լույս է ընկնում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Լույս է ընկել, որ անշահախնդրորեն ծառայի՞ երևանցիներին, թե՞ ՔՊ-ի տերերը հեռուն գնացող քաղաքական նպատակներ ունեն, իսկ Ավինյանի՝ բացառապես դրական լույսի ներքո երևալը միտված է այդ նպատակների իրագործմանը:

Ասում են՝ իշխանական կուլուարներում քննարկվում է Նիկոլին փոխարինող գտնելու հարցը, խոսվում է երկուսի՝ Պապիկյան Սուրոյի ու Ավինյանի Տիկոյի՝ որպես «զապաս» թեկնածուների մասին: Փողոցի անկառավարելիության դեպքում ԱԺ մեծամասնությունը կարող է նիստ հրավիրել ու վարչապետի նոր թեկնածուներ առաջ քաշել նույն իշխանական թիմից՝ ի դեմս Ավինյանի: Ուստի՝ պարտադիր պայման է, որպեսզի Ավինյանը հնարավորինս քիչ վարկաբեկված լինի: Հենց սա է պատճառը, որ Ավինյանն իրեն հեռու է պահում ներքաղաքական խժդժություններից՝ հարվածի տակ չընկնելու համար: Փոխարենը նա մետրո է կառուցում, ավտոբուսներ բերում քաղաք՝ շինարարի տպավորություն թողնելու ու հարկ եղած դեպքում ՔՊ-ին երկրորդ շնչառություն տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել