Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին այսօր՝ մայիսի 11–ին, ԱԺ փոխնախագահ. ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը բացատրեց, թե ինչու էին որոշել այսօր շրջափակել Երեւանի քաղաքապետարանի շենքը։

«Որովհետեւ ՔՊ–ն քաղաքապետարանը դարձրել է իր դուքյանը, որովհետեւ մարդկանց հետապնդում են, ճնշում են իրենց հայացքների համար, սպառնում են հանրահավաքներին մասնակցելու համար եւ այդ կառույցը ծառայում է ոչ թե երեւանցիներին, այլ օրվա չարիք իշխանությանը։ Հետեւաբար, մենք հերթով նման կառույցները շրջափակելու ենք եւ հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն։ Այսօր շենքը շրջափակել ենք 2 ժամ, ապա եթե խելքի չգան՝ վաղը փակելու ենք 4 ժամ, մյուս օրը՝ 6 ժամ, մինչեւ հասնենք վերջնական շրջափակման»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Հայաստանում ընթացող պայքարին զուգահեռ բուռն գործողություններ են տեղի ունենում սփյուռքում։

«Սա համազգային դիմադրություն է։ Նիկոլ, տեսա՞ր ոնց դիմավորեցին քեզ Նիդերլանդների մեր հայրենակիցները, ողջ հայ ժողովուրդն է այդպես մտածում քո մասին։ Պարզապես դու Հայաստանում ման ես գալիս ավտոշարասյունով, պաշտպանվում ես ոստիկանական պատնեշով եւ չես տեսնում, թե ինչ է մտածում ժողովուրդը քո մասին։ Ժամանակ կար՝ փողոցում հեծանիվ էիր քշում, գիրք էիր նվիրում, մարտի 8–ին ծաղիկներ էիր բաժանում,  Նիկո՛լ, տղա ես, մտիր ժողովրդի մեջ եւ կզգաս՝ ինչ է մտածում ժողովուրդը քո մասին»,-ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտասահման գործողումներին եւ նշեց, թե նա հայ ժողովրդին ներկայացնելու մանդատ չունի, հետեւաբար, իր հետ ձեռքբերված որեւէ պայմանավորվածություն առոչինչ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել