Lurer.com-ը գրում է.

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է՝  եթե իր առջև դրվեն փաստեր, որ 1994 թվականից ի վեր Հայաստանում ժամը 15:30-ին ցույցեր են իրականացվել՝ ինքը մանդատը վայր կդնի:

Հովիկ Աղազարյանը, ով հայտնի է իր սուր հայտարարություններով, այս անգամ թերևս ուժերը ՀՀ նորանկախ պատմության ցույցերի խրոնոլոգիայի իմացությունը ճիշտ չէր գնահատել: Բանն այն է, որ Հայաստանում այդ ժամին 1994 թվականից ի վեր ցույցեր տեղի են ունեցել:

Դիցուք՝ 2018 թվականին ՔՊ հանրահավաքը Արմավիրում տեղի է ունեցել հենց այդ ժամին:

2011 թվականին «Հայ Ազգային կոնգրեսը» Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել՝ ժամը 15:30-ին, պահանջելով մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։

2020 թվականի դեկտեմբերի 19-ին «Հայրենիքի փրկության շարժման» երթ-հանրահավքը Ազատության հրապարակից մեկնարկել էր ժամը 15-ին:

«Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է անցկացրել նաև 2021 թվականի մարտի 28-ին և նունպես ժամը 15:30-ին:

2021 թվականի փետրվարին «Սասնա Ծռեր» կուսակցությունը Մատենադարանի մոտ էր հանրահավաք իրականացնում և նույնպես ժամը 15:30-ին:

Ինչպես տեսնում ենք՝ Հովիկ Աղազարյանը, մեղմ ասած, ճիշտ չէ և 1994 թվականից ի վեր այդ ժամին Հայաստանում հանրահավաքներ տեղի են ունեցել: Ստացվում է, որ իր հրապարակային խոստմանը համաձայն` ՔՊ-ական պատգամավորը այժմ պետք է մանդատը վայր դնի, քանի որ դրա համար բավարարա փաստեր են առկա, հակառակ դեպքում` կնշանակի, որ ՔՊ-ականների, այս դեպքում՝ Հովիկ Աղազարյանի հրապարակավ խոստումը և հանձնառությունն ունի զրո արժեք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել