Tert.am-ը գրում է․

Մարիուպոլի պաշտպաններին, որոնք պահում են «Ազովստալ» գործարանի պաշտպանությունը, հաջողվել է հետ մղել ռուսական կողմի գրոհը։ Ուկրաինացիները ռուսներին դուրս են մղել գործարանի տարածքից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչը, գրում է obozrevatel.com-ը։

Նախորդ օրը՝ մայիսի 4-ին, ռուսական կողմը կարողացել է ներխուժել «Ազովստալ»-ի տարածք։ Բայց հենց հաջորդ օրը, ըստ Արեստովիչի, դուրս է մղվել:

«Երեկ ռուսական զորքերը մտել են «Ազովստալ»-ի տարածք, սակայն մեր պաշտպանները դուրս են մղել, հիմա մենք ամփոփում ենք տեղեկատվությունը»,- ասել է Արեստովիչը։ Նա նշել է, որ մարտերը «Ազովստալ»-ում շարունակվում են։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են մայիսի 5-7-ը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում հրադադարի ռեժիմ հաստատել։ Ուկրաինական կողմն այս ժամանակը կօգտագործի խաղաղ բնակիչներին և տարածքը տարհանման նախապատրաստելու համար։

Այս մասին ՌԲԿ-Ուկրաինային հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

«Այնտեղի մեր զինվորականներին այս ժամանակը պետք է փլատակների տակից ու նկուղներից կանանց ու երեխաներին հանելու և նրանց տարհանումն ապահովելու համար։ Ռուսները ականապատում են «Ազովստալ»-ի բոլոր ճանապարհները, ուստի նրանց դեռ ժամանակ է պետք ականազերծելու համար, որպեսզի ավտոբուսները կարողանան հասնել տարհանման վայր», - ասել է Վերեշչուկը:

Ուկրաինական կողմի տվյալներով՝ գործարանում կա մոտ 500 վիրավոր, մոտ 200 խաղաղ բնակիչ, որոնցից 20-ը երեխաներ են, ուստի անհրաժեշտ է ակտիվացնել տարհանման տեմպերը։

Մայիսի 1-ին սկսվել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչների տարհանումը։ Նույն օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ 100 մարդ է տեղափոխվել Զապորոժիե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել