Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցները թեպետ ձեւացնում են, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, սակայն հակաիշխանական պայքարը թափ է հավաքում, եւ անգամ նրանք, ովքեր փողոցում չեն, կողմ են այս պայքարին։ Մի կողմից՝ փողոցում իշխանափոխության ձգտող մարդիկ են, մյուս կողմից՝ ադրբեջանցիների հետ ծանր բանակցությունների նոր փուլն է սկսվում ՝ սահմանների ճշգրտում, կոմունիկացիաների բացում եւ խաղաղության համաձայնագիր։ Ակնհայտ է, որ իրավիճակը գնալով բարդանում է, սակայն փաստ չէ, որ դա իշխանությունները գիտակցում են։ Նրանք, ինչպես 2018 թվականին հանրապետականներն ու նրանց առաջնորդը, մինչեւ չգա հրաժարականի պահը, չեն գիտակցի վիճակի լրջությունը։ Իսկ երկրում կուտակված դժգոհությունը հանգուցալուծելու համար հարկավոր է նման գիտակցում եւ մի քանի սցենարի խաղարկում։

Առաջինը․  Նիկոլ Փաշինյանը, ընդունելով, որ երկիրը բերել-հասցրել է ճգնաժամի դուռը, ինքնակամ հրաժարական է տալիս եւ իշխանությունը խորհրդարանի միջոցով փոխանցում իր կուսակիցներից մեկին, ասենք՝ Սուրեն Պապիկյանին, Արարատ Միրզոյանին, Տիգրան Ավինյանին կամ Ալեն Սիմոնյանին։ Պարզ է, որ եթե անգամ տասնյակ հազարներով փողոց դուրս չեն գալիս, դա չի նշանակում, որ իշխանությունն ունի բավարար աջակցություն, ճիշտ հակառակը՝ հանրության զգալի հատվածը մերժում է Փաշինյանին, եւ նա ձախողել է երկրի կառավարումն ու հարյուրավոր փաստերով ապացուցել, որ պետք է հեռանա։ 

Սակայն չի բացառվում, որ իրադարձություններն այնպես զարգանան, որ փողոցն ինչ-որ պահի դառնա անկառավարելի, եւ ոստիկանության բազմահազարանոց ուժերը չբավականացնեն պայքարը ճնշելուն։ Ի՞նչ լուծում է սա ենթադրում՝ ո՞վ է ստանձնելու իշխանությունը, եթե առայսօր ընդդիմությունն ապակենտրոն պայքար է տանում, եւ չկա ընդդիմության միասնական առաջնորդ։ Եթե գա այդ պահը, ընդդիմությունը, ուզի թե չուզի, պետք է ինչ-որ մեկի կամ խմբի առաջ մղի իր շարքերից, ո՞վ կամ ովքե՞ր են լինելու նրանք։ Փորձերը՝ ինչ-որ մեկին առաջ մղելու, բախվում են մյուսների դիմադրությանը, եւ ընդդիմությունը խոհեմաբար խուսափում է այս փուլում նման բան անելուց։ Դա օգնում է նաեւ, որ պայքարողները չասեն, թե իշխանության համար է այս պայքարը։

Բայց վաղ թե ուշ ընդդիմությունը պետք է անուններ տա եւ ծրագիր ներկայացնի։ Ոմանք կարծում են, թե լավագույն լուծումը կլինի, այսպես կոչված, անցումային կամ ժամանակավոր կառավարության ձեւավորումը։ Մոտավորապես այն, ինչ Հանուն հայրենիքի փրկության շարժումն էր առաջարկում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո՝ որպես վարչապետի ժամանակավոր թեկնածու առաջարկելով Վազգեն Մանուկյանին։ Իհարկե, այս անգամ նոր մարդ է հարկավոր՝ ավելի երիտասարդ եւ կոնսոլիդացնող՝ հնարավորինս անկախ, անկուսակցական, ճգնաժամային կառավարիչ, որն անկուսակցական տեխնոկրատներից ժամանակավոր կառավարություն կձեւավորի, եւ որոշ ժամանակ անց ընտրություններ կկազմակերպվեն, որպեսզի քաղաքական ուժերի հավասար մրցապայքարում մարդիկ ընտրեն նրան, ում ուզում են։

Այս օրերին որոշ շրջանակներ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածությունն են շրջանառության մեջ դրել։ Շատերը հիշում են, որ տեխնոկրատների կառավարությամբ հանրային տրամադրությունները մեղմելու քայլեր ժամանակին անգամ միապետական նկրտումներ ունեցող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին անում։ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը ստանձնելով՝ առաջին անգամ ձեւավորեց պրոֆեսիոնալների կառավարություն՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Դարբինյանի գլխավորությամբ։  
Սերժ Սարգսյանն էլ, զգալով, որ երկրում դժգոհության մեծ կուտակում կա, ժամանակին համոզեց եւ Մոսկվայից Երեւան բերեց Կարեն Կարապետյանին, որը սիրում էր ասել, որ ինքը մենեջեր է։ Եվ Կարապետյանի գալն ու պաշտոն զբաղեցնելը որոշակիորեն պարպեցին երկրում կուտակված դժգոհությունը։ Այլ բան է, որ հետագայում Կարապետյանին ուղղակի «գցեցին»՝ խոստացված վարչապետական աթոռը չզիջելով։ 

Մեզ հետ զրույցում 90-ականներին բարձր պաշտոններ զբաղեցրած Հենրիկ Քոչինյանը տեխնոկրատների կառավարությամբ իրավիճակի հանգուցալուծումը համարում է լավագույն լուծումը։ «Ես կարծում եմ՝ երկրի վիճակը բոլորին ստիպում է լինել անհանգիստ, եւ եթե իշխանություններն անհանգստացած չեն, ես չգիտեմ ինչից է։ Կարծում եմ՝ իրավիճակը պետք է արագ հանգուցալուծվի, տեխնոկրատների կառավարությունը կլինի ռացիոնալ լուծում, բայց ես գրեթե բացառում եմ, որ էս  խորհրդարանը մեկ ուրիշին կընտրի վարչապետ՝ ոչ իր թիմից։ Մեկուկես տարի առաջ էլ այդ սցենարն էր քննարկվում, բայց կյանքի չկոչվեց։ Դրա համար պետք է նստել մի սեղանի շուրջ եւ գտնել լուծում, որն ինչ-որ չափով կբավարարի կողմերին։ Իհարկե, բացառվում է, որ որեւէ կողմ հարյուր տոկոսով գոհ մնա, բայց պետք է ընտրեն ճանապարհը, մինչեւ ընտրություններով  իշխանությունը որոշեն»,- ասում է Քոչինյանը՝ պնդելով, որ վերջին ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել։

Դիտարկմանը, թե իշխանությունների կարծիքով՝ այսօր 2018-ի համաժողովրդական պայքարը չկա, փողոցում ավելի քիչ են, քան չորս տարի առաջ, Քոչինյանը պատասխանեց․ «Փողոցի մարդկանց զուտ մեխանիկական հաշվարկով չպետք է հաշվել, պետք է նայել եղածների գլխի պարունակությանը»։

Նա չի կարող ասել՝ ընդդիմադիրների պայքարը կհաջողի՞, թե՞ ոչ։ «Չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել»,- ասում է նա։ Իսկ Դուք միացե՞լ եք պայքարին։ Քոչինյանը փիլիսոփայորեն պատասխանեց․ «Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ անի, որտեղ եւ երբ։ Ես չեմ ուզում քաղաքականացվել, ուզում եմ ծերությունս հանգիստ վայելել»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել