«Մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին Երեւանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը»․ նախօրեին հայտարարեց հակաիշխանական պայքարի առաջնորդներից մեկը՝ ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։ Շուրջ երկու շաբաթ իշխանությունների հրաժարականի պահանջով մայրաքաղաքում եւ մարզերում պայքարի դուրս եկած խմբերը մայիսի 1-ին մեկտեղվելու են մայրաքաղաքում։ Խոսքը հատկապես Արթուր Վանեցյանի, «Հայաստան» դաշինքի, ՀՀԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի մասին է: Պայքարին մյուս ուժերից մասնակցում են «5165» եւ Ազատագրական շարժումները: Ենթադրվում է, որ մեծ հանրահավաքն անցկացվելու  է Հանրապետության հրապարակում։

Մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմադիրներն այդ օրը հավաքվածներին սովորականի պես տուն չեն ուղարկելու եւ անհնազանդության նոն-ստոպ պայքարի կոչ են անելու, փորձելու են կաթվածահար անել բնականոն կյանքը եւ այդպիսով հասնել իշխանությունների հրաժարականին, ինչպես ժամանակին արեց Նիկոլ Փաշինյանը: Մենք տեղեկացանք, որ եթե խաղաղ փողոցային պայքարի այս փուլն ինչ-ինչ պատճառներով չհաջողվի, ընդդիմությունը պայքարի պլան Բ ունի, որն առայժմ չեն գաղտնազերծում: Ի դեպ, ընդդիմության առաջատարներն անգամ տվյալ օրվա անելիքների ողջ ծավալի մասին պատկերացում չունեն` ամեն մեկն իր անելիքի մասով է տեղեկացված: Մեզ ասացին, որ պայքարի նոր լիդերներ էլ են ասպարեզ դուրս գալու, որոնք առայժմ սպասում են դեպքերի զարգացումներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել