Armenpress.am-ը գրում է․

2018 թվականից ի վեր հանրակրթության ոլորտի բարեփոխումները Կառավարության առաջնահերթությունն է եղել, և դա միշտ էլ մնալու է առաջնահերթություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ այսօր մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, վերաբերվում է կրթության ոլորտին: Ցանկացած թերություն, բաց, որ տեսնում ենք` սկսած անվտանգությունից մինչև դիվանագիտություն, պետական կառավարում, առնչվում է կրթության ոլորտի հետ: Եվ դրա համար կրթությունը հարցերի հարցն է: Այսինքն կա կրթություն, և կան մնացած բոլոր հարցերը: Կրթությունը ցկյանս գործընթաց է, որը չի ավարտվում բուհում և դպրոցում, բայց նախնական դպրոցական կրթության և հանրակրթության ժամանակ առաջացած բացերը հետագայում ամբողջ կյանքում կարող է այդպես էլ հնարավոր չլինել լրացնել: Մենք այսօր լրջագույն խնդիր ունենք կրթության ոլորտում: Մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն: Թվում էր, թե նախորդ դարի առաջին կեսին այդ խնդիրը հաղթահարվել է, բայց հիմա եկեք առերեսվենք այդ խնդրի հետ: Եվ անգրագիտությունը արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում: Եկեք սա էլ խոստովանենք ի վերջո»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կրթության ոլորտում բազմաշերտ խնդիրներ կան, և այդ խնդիրներից առաջնայինը Կառավարության համար եղել է ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցային լինելը:

«Մենք արձանագրել ենք, որ մեր հանրակրթության ոլորտում կան ուսուցիչներ, որ ամսական կտրվածքով ստանում են 30 հազար դրամ աշխատավարձ: Սա լրջագույն համակարգային խնդիր է: Իսկ առավելագույնը ուսուցիչները ստանում են 150-170 հազար դրամ աշխատավարձ: Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը մեզ համար միշտ եղել է օրակարգում»,- եզրափակեց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել