Ի՞նչ զուգահեռներ կան 2015 թվականի հունիսին բոլորիս աչքի առաջ թափ հավաքած հուժկու սոցիալական շարժման՝ «Էլեկտրիկ Երեւանի», եւ այսօրվա ընդվզման միջեւ, ինչո՞ւ «Էլեկտրիկի» դեմքերը չեն դուրս գալիս փողոց։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք «Էլեկտրիկ Երեւանի» կազմակերպիչներից մեկի՝ Արթուր Քոչարյանի հետ: 

- Արթուր, ո՞ւր են «Էլեկտրիկի» կարկառուն դեմքերը, ինչո՞ւ չեն դուրս գալիս փողոց: Չասեք՝ այն ժամանակ քաղաքական պայքար չէր: Եթե զարգանար, քաղաքական խնդիրներ էիք դնելու:

- Այս հարցին ես կպատասխանեմ Բալզակի խոսքերով․ այնտեղ, որտեղ բոլորը սապատավոր են, գեղեցիկ կազմվածքը դառնում է այլանդակություն: Մենք ի՞նչ կարող ենք անել այս համատարած քաոսի մեջ։ Այսօրվա շարժումը եւս փողոցային պայքար է, բայց բովանդակության առումով շատ տարբեր է «Էլեկտրիկ Երեւանից»: Էն ժամանակ խնդիրն այն էր, որ հանենք իշխանությանը, ու նոր մարդիկ գան: Հիմա այնքան էլ կարեւոր չէ, թե ով է գալու իշխանության: Հայրենիք ենք կորցնում, ու հիմա կարեւոր է, որ համախմբված լինենք արտաքին թշնամու առաջ: Այս իշխանության ու ընդդիմության պահվածքը նայելով, կարող ենք ասել, որ հենց հիմա ընթանում է հակապետական պրոցես: Ընդ որում, երկու կողմի քայլերն էլ հակապետական են: Ոնց որ պասերով իրար հետ խաղան:

- Ինչո՞ւ եք այդպես կարծում։ 

- Ամեն ինչ անում են, որ թուլացնեն Հայաստանի Հանրապետությունը: Սրանք՝ իշխանությունները, գնում են դուրս, այնտեղ գլուխները կախում են, ինչ իրենց ասում են, անում են, մենակ թե չծեծեն իրենց: Իրենք էլ են հասկանում՝ եթե էսօր չծեծեն, վաղն են ծեծելու: Երկու օրվա համար չարժի ստորանալ: Եթե պետք է ծեծ ուտես, ավելի լավ է հենց այդ օրն ուտես: Իսկ էս մյուսները փոխանակ գնան, առաջարկեն իրենց ծառայությունները, ասեն՝ ի՞նչ է պետք անենք, որ լավ լինի, որ կարողանանք սրա տակից դուրս գանք, ավելի են թուլացնում դիմադրողականությունը: Ու տեսեք՝ Ալիեւն անմիջապես ասում է, որ եթե հանկարծ փողոցից եկան իշխանության, պատերազմ է սկսվելու: 

- Լավ, իսկ ի՞նչ է պետք անել: 

- Լավագույն լուծումը կլիներ այն, որ թեկուզ բեմականացված՝ իշխանափոխություն լիներ, ու իշխանությունն անցներ ո՛չ ձախ, ո՛չ աջ՝ գնար երրորդ կողմին: Այ, դա կլիներ Հայաստանի փրկությունը, ինչպես ժամանակին առաջարկում էր Տեր-Պետրոսյանը, որ հիմա լիներ տեխնոկրատների իշխանությունը: Բայց այս երկուսի առճակատումն ավելի է թուլացնում պետությունը: Ես ավելի շատ, իհարկե, մեղադրում եմ իշխանությանը: Ընդդիմությունը չունի այն պատասխանատվությունը, որն ունի իշխանությունը: Ես ապշում եմ՝ իշխանությունն ավելի, քան ժամանակին մեկուսացած էին ժողովրդից հանրապետականները, իրենց Հայաստանում են ապրում: Էն ժամանակ, երբ պայքարում էինք Սերժի ու Քոչարյանի դեմ, չէինք պատկերացնում, որ այսպիսի այլմոլորակայիններ կգան իշխանության երբեւէ: Սրանց հետ խոսել չի լինում:

- Իսկ նրանց հետ խոսո՞ւմ էիք: 

- Եղել են դեպքեր, երբ նրանց հետ խոսել եմ ու զգացել եմ, որ նրանք հասկանում են իրավիճակը, պարզապես իրենց ձեռք է տալիս, այդպես են անում, բայց սրանք ուրիշ գալակտիկայից են: Գիտեն, որ իրենց ամիսները հաշված են, բայց ուզում են վերջինը քերեն, հետները տանեն: 

- Դուք ունեք փողոցային պայքարի մեծ փորձ: Այսօրվա ընդդիմության սխալները որո՞նք են՝ զուտ պայքարի կազմակերպման առումով: «Էլեկտրիկն» օր-օրի աճում էր, հիմա դանդաղ է թափ հավաքում:   

- Դա նրանից է, որ նրանք, նախ՝ չեն տիրապետում փողոցային պայքարին, իսկ ովքեր որ տիրապետում են, իրենց կողքին չեն: Փողոցային պայքարին տիրապետող մարդկանց մի մասն իշխանության մեջ է, մյուսը՝ մեզ նման, տեսնում է ամեն ինչ, բայց մոտիկ չի գնում, որովհետեւ պրոցեսները կեղծ է համարում: Երկրորդն էլ՝ այսօր ընդդիմությունը կիրառում է այն մեթոդները, որոնք եղել են։ Դասագրքային իմաստով, գործիքների առումով՝ դա սխալ է: Մի կարեւոր պահ կա. իրենք կարող էին հաջողություն գրանցել ու նեյտրալ տրամադրված մարդկանց գրավել, եթե քայլ անեին իրենց հետեւում կանգնած նախագահները: 

- Ի՞նչ քայլ նկատի ունեք: 

- Տեսեք՝ Նիկոլը պառկեց ավտոբուսի տակ, ու մենք հասկացանք, որ ավտոբուսը կարող է քշել-անցնել իր վրայով, նա կարող է մեռնել, հասկացանք ու գնացինք իր հետեւից: Կամ՝ ձեռը ճղեց, կուտը տվեց, ինչ արեց, համենայնդեպս, կերան մարդիկ: Հիմա նախագահները, եթե անկեղծ են, իրենց կյանքի գնով պետք է մարդկանց հավատացնեն, բայց չեն անում: Օրինակ, կարող են հայտարարել, որ ստորագրում ենք՝ այլեւս չենք գալու իշխանության: Բայց չեն անում:  

- Բայց Սերժ Սարգսյանը, կարծեմ, հայտարարել է նման բան: 

- Այո, բայց մենակ հայտարարելը քիչ է: Բացի դա, պետք է նաեւ իրենք ընդունեն այն, ինչում ժողովուրդն իրենց մեղադրում է: Գոնե մասնակի ընդունեն, որ անցնեն ժողովրդի կողմը: Ասեն՝ հա, մեր ժամանակ եղել են սպանություններ, եղել է կոռուպցիա, մենք լավ չենք կառավարել, ժողովուրդ, բայց հիմա Արցախ ենք կորցնում, Հայաստան ենք կորցնում, հասկացեք: Ու ասեն՝ մենք գնում ենք, դուք մեզ էլ չեք տեսնելու, բայց լրջացեք: Ահա այս վիճակը պետք է լինի, որը չկա: Եթե էս ամենը լիներ ընտրությունների ժամանակ, գուցե մի բան ստացվեր, բայց չեղավ, մենք մեր շանսը կորցրինք: 

- Դուք ժամանակին ունեիք «Էլեկտրիկ Երեւանի» ծրագիրը, ընդդիմությունն այսօր ունի՞ գործողությունների, էս փակուղուց դուրս գալու ծրագիր: Ես նկատի չունեմ Նիկոլին հանելը:  

- Կարծում եմ՝ Քոչարյանն ունի այդ ծրագիրը: Ես դա տեսնում եմ: Քոչարյանը փորձում է, թեկուզ զոռով, Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ, որ պահի: Նա անկեղծ այդպես է մտածում, ու օրինակն էլ այն է, որ ասում է՝ եթե Սովետական Միություն մի քիչ ավելի շուտ մտնեինք, Կարսը չէինք կորցնի: Հիմա էլ ասում է՝ եկեք մտնենք, հետո էլի դուրս կգանք, բայց այս պահին մենակ չենք կարող: Հակաթուրքական դիրք բռնենք, օգտագործվենք Ռուսաստանի կողմից ու Հայաստանը փրկենք: Նա չի կարող այս ամենն ասել բառացի, այսքան պարզ, բայց նրա նպատակը դա է, ես այդպես եմ հասկանում: Բայց Քոչարյանը, իմ կարծիքով, անկեղծ ուզում է գալ իշխանության: Եթե չուզի գալ իշխանության, իր մոտ ամեն ինչ կստացվի: Փաշինյանն այսօր տապալված վիճակում է, նա չունի աջակցություն: Իշխանությունը փողոցում գցած է:

- Այս շարժման շարունակությունն ի՞նչ է լինելու, ամսի 1-ին վճռական հանրահավաք է լինելու: 

- Այս պահի դրությամբ ես չեմ տեսնում, որ թափ կհավաքեն, եթե չլինի ֆորսմաժոր՝ բախումներ ու զոհ, կոպիտ ասեմ: 

- Արդեն կա բախումների սպասում, տագնապ: Կլինե՞ն նման զարգացումներ, Ձեր կարծիքով՝ Մարտի 1-ի նման, կամ, ասենք, «Էլեկտրիկի» ժամանակվա՝ բռնի ուժով ցույց ցրելը: 

- Չէ, ոստիկանությունն ընդունակ չէ դրան, պարզ ասեմ: Էն ժամանակ ոստիկանությունն իրեն տերով էր զգում, հիմա անտեր է: Ասում է՝ լավ, եթե ջարդենք, ո՞վ է մեզ տեր կանգնելու: Այս իշխանությունը ոչ մեկին տեր չի, քցող իշխանություն է, բոլորին աջ ու ձախ քցում են, մի օր ոստիկաններին էլ կքցեն: Ես երեկ նայում էի կադրերը, ոստիկաններն ընդամենը փորձում են փողոցի գիծը պահել կամ ասում են՝ արագաչափերի վրա բան մի կպցրեք կամ՝ փողոց մի փակեք։ Ոչ ավելի: Նման «բախումները» լուրջ չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել