Հայաստանի քաղհասարակությունը, հատկապես Ջորջ Սորոսից սնվող հատվածը, ակտիվացել է: ՀԿ-ների ղեկավարները, անձամբ Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, մարզեր են մեկնում, Կապան են գնում, Մեղրի, Վարդենիս: Նաեւ անհանգստացած են «բարեփոխումների» տեմպերի դանդաղումով: Հեղափոխականների ազդարարած մի շարք առանցքային բարեփոխումներ ուշացել են: Այս մասին ազդարարում է նաեւ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն: Իհարկե, Փաշինյանն ու նրա քայլականները շատ ստեր են փչել, խոստումներ տվել՝ չեն կատարել, բայց դրանցից ոչ բոլորը կարող են մարսել, քաղհասարակությունն իր տեսադաշտում է պահում հատկապես իրեն տրված խոստումները եւ հիշեցնում: 
Նրանք կազմել են իրենց համար կարեւոր օրենքների ու փոփոխությունների ցանկը, որոնք Նիկոլն ուշացնում է իրագործել՝ գունավոր աղյուսակ կազմել, եւ հիշեցնում են դրանց մասին. ներքին գործերի նախարարության, ազգային գվարդիայի, հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրում, սնանկության, վարչական դատավարության օրենքների բարեփոխումներ: Առանձին կետով կարեւորել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ստացած նվերների գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Այս ամենի իրագործումն ուշանում է նախանշված ժամանակացույցից։

«Կառավարության՝ քաղհասարակության եւ շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերով շրջանառության մեջ դրված մի շարք ոլորտների կարեւոր բարեփոխումների ժամկետները փոփոխվել են՝ առանց հանրային քննարկումների փուլ անցնելու՝ թաքուն որոշման արդյունքում»,- գրում է Իրազեկ քաղաքացիների միավորումը:
ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հարցրինք, թե ինչու է հենց այս կետերին հետամուտ եւ ինչու չի նշել, օրինակ, սահմանադրական բարեփոխումների ուշացումը, չէ՞ որ ինքն այդ հանձնաժողովի անդամ է: «Կենտրոնացել ենք այս ուղղությունների վրա, որովհետեւ նաեւ մենք՝ որպես կազմակերպություն, այս ուղղություններով զբաղվում ենք: Ասենք, տնտեսական ոլորտի կամ առողջապահության ոլորտի բարեփոխումներից մենք առանձնապես չենք հասկանում, որ շատ խոսենք: Իսկ սահմանադրական բարեփոխումների մասով ժամանակացույցը չի փոխվել կամ խախտվել: Մենք կանխատեսում ենք, որ այն կձգվի, բայց կառավարությունը գաղտագողի ժամանակացույց չի փոխել, ի տարբերություն այլ ռեֆորմների, որոնց մասին հիշատակում կա»,- ասաց նա: 

«Սորոսական ծրագրերի նպատակը երկրի ավանդական հիմքերը քանդելն է». Գեւորգ Դանիելյան

«Սորոսական ծրագրերն ունիվերսալ նպատակներ ունեն՝ քանդել միջպետական կապերը, ուժեղ իշխանական լծակները եւ տվյալ երկրի ավանդական հիմքերը, որպեսզի այն դառնա կառավարելի, վերահսկելի։ Սակայն այս նպատակներին հասնելու միջոցներն արդեն ունիվերսալ չեն, այլ թելադրված են կոնկրետ երկրի իրավիճակով»․ այս կարծիքին է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության  նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: 

«Օրինակ՝ Վրաստանում, Ուկրաինայում եւ Մոլդովայում իրենք շեշտը դնում են ազգայնական գործոնների վրա՝ լեզու, մշակույթ եւ այլն, որպեսզի թուլացնեն ռուսական ազդեցությունը եւ հակակրանք ստեղծեն։ Հայաստանի պարագայում, ճիշտ հակառակը՝ նվազեցնում են ազգայնական գործոնները, որպեսզի թուլանան հակաադրբեջանական եւ հակաթուրքական տրամադրությունները, իսկ Ռուսաստանի դեմ ատելություն են սերմանում արդեն ռազմական հարցերով եւ այլն: Կոնկրետ Իոաննիսյանի մտահոգության թեման նախկին իշխանություններին անկյուն հրելն ու ներկա իշխանություններին հզորացնելն է։ Այսպես, ներքին գործերը, ազգային գվարդիան դիտարկվում են իբրեւ այլախոհության, հավաքների դեմ պայքարի բիրտ, բայց հուսալի միջոց։

Հակակոռուպցիոն դատարանները զբաղված են բացառապես նախկիններով, նրանց երբեք չի հետաքրքրի, թե, օրինակ, ինչ միջոցներով է հարսանիք անում Պապիկյանը, ինչ միջոցներով են առանձնատներ գնում ներկայիս չինովնիկները եւ այլն։ Վարչական դատավարության մեջ կատարում են այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս չկասեցնելու իրենց ներկայիս բացահայտ ապօրինի իրավական ակտերը, օրինակ՝ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ եւ այլն։ Պատահական ոչինչ չկա, մինչդեռ հասարակ մարդկանց կյանքը գոնե մի չնչին բարելավելու հարցերն իրենց ընդհանրապես չեն հուզում»,- ասում է Դանիելյանը: 

«Այդ կառույցները փորձելու են օգտագործել իշխանության պահպանման համար». Ստեփան Դանիելյան

Ներքին գործերի նախարարության, ազգային գվարդիայի, պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի, հակակոռուպցիոն դատարանների ստեղծմամբ, ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, փորձ է արվում լուծել Հայաստանի պետական ապարատի արտաքին վերահսկողության խնդիրը: «Առհասարակ, Հայաստանի նման երկրները, որոնք այս կամ այն մեծ երկրների ազդեցությունների տակ են գտնվում, պայքարը գնում է նման կառույցներում արտաքին ազդեցության համար:

Մասնավորապես, Ուկրաինայում ու Վրաստանում նման բարեփոխումների շուրջ մեծ պայքարներ են ընթանում մինչեւ հիմա: Որ երկրի վերահսկողության տակ բարեփոխումներ են իրականացվում, կադրերը որ երկրում են ուսումնառություն անցնում, այդ երկրների կառավարման տակ են հայտնվում քաղաքական ու պետական ծառայությունները, առանձին գործիչներն ու պաշտոնյաները»,- ասում է քաղաքագետը: Նաեւ նշվում են սնանկության, վարչական դատավարության օրենքների բարեփոխումները, սակայն Դանիել Իոաննիսյանը, որը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է, եւ հանձնաժողովը ոչինչ չի անում, սա որպես ուշացում չի որակում, ինչո՞ւ: «Ես չգիտեմ՝ ով ինչի անդամն է, դա ինձ չի հետաքրքրում, իսկ եթե բուն խնդիրը քննարկենք, ապա առնվազն վերջին երեք տարում Հայաստանում այնքան օրենք է խախտվել, հատկապես դատարանների շրջափակումը, որ օրենք խախտելը մանրուք է դարձել: Կարծում եմ՝ պետական կառույցները Սահմանադրությամբ նախատեսված ինքնուրույնությունից զրկելու գործընթաց է գնում, իսկ «բարեփոխումներն» ընդամենը գործիք են դրա համար»,- ասում է Ստեփան Դանիելյանը:

Նրան հարցրինք նաեւ, թե Հայաստանին պե՞տք է ներքին գործերի նախարարություն, ինչու ոչ՝ եվրոպական տիպի ոստիկանություն, որը ստեղծել ենք մեծ դժվարությամբ:

«Ոստիկանության մասին օրենքում հստակ սահմանափակումներ կան, ղեկավարը պետք է ոստիկանական համակարգից լինի, կան հստակ պահանջներ, որի արդյունքում դժվարանում է այդ կառույցը քաղաքական նպատակներով օգտագործելը: Եթե նախարարություն դառնա, ապա ղեկավարը քաղաքական դեմք է նշանակվում, այսինքն՝ կոնկրետ քաղաքական թիմի անդամ է նշանակվում: Կարծում եմ՝ գործող իշխանությունը դրանով խնդիր է փորձում լուծել: Այսինքն, իշխանության պահպանման համար այդ կառույցները փորձելու է օգտագործել»,-  պատասխանեց քաղաքագետը:

«Ցանկանում են ռեպրեսիվ ապարատն ուժեղացնել». Գագիկ Համբարձումյան
Նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը կարծում է, որ ոստիկանության կազմակերպչական ձեւերի փոփոխությամբ նպատակ ունեն ուժեղացնելու ռեպրեսիվ ապարատը: «Ազգային գվարդիան նույն ոստիկանական զորքն է, որն առանձնացնում են ոստիկանությունից: Սա միայն մեկ նպատակ ունի՝ շրջանցել ոստիկանությունում պահանջվող ցենզերը եւ թափթփուկներին լցնել համակարգ: Այդ կոնտինգենտն ավելի գազանաբար կսկսի հրահանգները կատարել: Նույնը՝ պարեկային ստորաբաժանումը: Դա աշխատանքի բարելավման խնդիր չի լուծելու: Ինչ վերաբերում է նվերների էլեկտրոնային գրանցմանը, կարծում եմ՝ սա զուտ ցույց տալու համար է, թե տեսեք ինչ ազնիվ ենք աշխատում: Իրականում բոլորին արդեն տեսանելի է, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ են թաթախված բոլորը: Դա աչքին թոզ փչելու տարբերակ է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել