Hraparak.am-ը գրում է.

Կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել 19- ամյա հղի կնոջ, ով մահացել է։ Երեխային նույնպես չի հաջողվել փրկել։  Ավտոշարասյունը Նիկոլ Փաշինյանին է ուղեկցել։ Վթարի ենթարկել ու․․․ փախել։ Սովորական մարդասպանի պես, ով սպանում ու փախչում է։ Եթե դժբախտ պատահար էր, պետք էր կանգնեիք ու օգնություն ցուցաբերեիք։ Այդ ի՜նչ աստիճանի եք հաբռգել, որ հղի կնոջը վրաերթի եք ենթարկում ու փախչում։ 

Կառավարական ավտոշարասյո՞ւն եք՝ պատի՞ժ չկա։ Կամ ի՜նչ պատժի մասին կարելի է խոսել, երբ նույն կառավարությունը տասնյակ հազարավոր 19 տարեկանների է զոհել ու հաշմանդամ դարձրել ու մնացել անպատիժ։ 

Ժամանակին այս դեպքի մասին գրել էի։ Երբ Սերժ Սարգսյանն ավտոշարասյունով եկել էր Գորիս՝  Սդըղի գյոլի տարածքը։ Հիմա այդ տարածքում թուրքն է շնթռկած։ 80-ամյա մի գորիսեցի պապիկ, որ շատ էր ուզում հանդիպել նախագահին, որոշում է կտրել ավտոշարասյան ճանապարհը և կանգնեցնել նրան։ Ես պապիկի անունը չեմ գրում, հիմա նա չկա, բայց հավատացած եմ, եթե Սերժ Սարգսյանը կարդա՝ կհիշի այդ օրը։ Ավտոշարասյունը կայծակի արագությամբ անցնում է, պապիկը կանգնում է ավտոշարասյան առաջ։ Հետո պապիկը պատմում է․ 

«Մեքենաների արագությունից վախից փակել էի աչքերս։ Մեկ էլ բացում եմ աչքերս,  տեսնում՝ շարասյունը կանգնել,  և ես շրջապատված եմ երկու մետրանոց տղաներով։ Ուրիշ բան չէի տեսնում։ Կարող էին ինձ անվտանգության նկատառումով խփել։ Այնպես էին ինձ զննում, ասես ռենտգեն լինեին։ Հետո տղաներն ասացին, որ Սերժ Սարգսյանը իջել է մեքենայից ու մոտենում է պապիկին։ Ձեռքով նշան արեց, տղաները հետ քաշվեցին ու պապիկը ընկավ Սերժի գիրկը։ Տեղ գյուղից էր, Սերժ Սարգսյանի գյուղից։ Շատ լավ ճանաչում էր նրան։ Պատմում է խնդրանքը, իսկ նախագահը ժպտում է՝ բա որ ես դուրս չգայի, ի՞նչ էիր անելու․․․»։

Սերժի ավտոշարասյունը կանգ առավ, երբ պապիկը կտրեց նրանց դեմը։ Նիկոլ,պագոններդ կհանեի՞ն, որ կանգնեիր։ Հղի կին էր վթարի ենթարկվել․․․ Կամ ո՞ւմ եմ ինչ ասում․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել