Lurer.com-ը գրում է.

Համացանցում լայն քննարկման արժանացավ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրությանը Ուրուգվայի հայ համայնքին, որը երթ էր կազմակերպել ի հիշատակ Եղեռնի զոհերին:

Հասարակությանը էլ ավելի բարկացրել է այն փաստը, որ Հայաստանը շարունակում է ամեն ինչ անել Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու նպատակով:

Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց իշխանական թևի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրությունից հետո էլ է մնում իր թիմի կողմից առաջ քաշած գաղափարի՞ն, թե՞ ոչ, նա ասաց, որ կատարվածը չպետք է շեղի իրենց օրակարգից.

«Անկասկած դա չի նպաստում այն օրակարգին, որը մենք հետապնդում ենք, և դատապարտելի է, մանավանդ այն մակարդակով, որ եղավ: Դա չպետք է առիթ լինի, որ մենք շեղվենք մեր օրակարգից: Նմանատիպ դրսևորումներ տարբեր մակարդակներով կարող են շատ լինել: Թույլ տվեք նկատել, որ դա կարող է, անգամ, միտված լինել նրան, որ մենք շեղվենք մեր օրակարգից, բայց չենք շեղվում չէ՞»,- նշեց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ առաջիկայում պետք է սպասել որոշակի բացատրությունների:

Մեր այն դիտարկմանը, թե ինչ է նշանակում «մեր օրակարգ» արտահայտությունը, Հայաստան-Թուրքիա բարեկամական հարաբերությունների հաստատո՞ւմ նկատի ունի, պատգամավորը փոքրիկ շտկում կատարեց.

«Ո՛չ, բարեկամական չէ, հարևանություն հաստատելու օրակարգ, որ գտնենք իրար հետ ապրելու մեթոդներ: Բարեկամ լինելու համար հլը շա՜տ ճանապարհ կա»,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Նա Չավուշօղլուի քայլը համեմատեց հայերի կողմից Թուրքիայի դրոշը այրելուն, սակայն հետո, զգալով, որ դրանք հավասարազոր գործողություններ չեն, ասաց.

«Մեր երկրում էլ այրում են Թուրքիայի դրոշը, դա պահի տակ որոշված քայլ է: Իհարկե, այլ բան է՝ պետական պաշտոնյայի կողմից նման դրսևորումը և լրիվ այլ բան է, երբ հասարակական ինչ-որ քայլ է: Ուզում եմ ասել, որ մենք պետք է թույլ չտանք՝ նման բաներ լինեն»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարի ժեստը չպետք է Հայաստան- Թուրքիա հարաբերությունների ամրապնդման համար «պաուզայի» պատճառ դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել