Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորութայն վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատել է, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտել է գետ և երեխային դուրս բերել ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան բնակվում է Ալավերդի քաղաքում, իսկ տեղի փրկարարներին երեխայի գետն ընկնելու մասին հայտնել է նրա մայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել