Armenpress.am-ը գրում է․

Մարդկությունը պետք է մշտապես հիշի հայերի դեմ իրականացված ողբերգական դեպքերը։ Այս մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան։

«Սա շատ զգացմունքային օր է մեզ ու բոլոր արգենտինահայերի համար, ովքեր Արգենտինա են եկել ավելի քան հարյուր տարի առաջ։ Մենք խորապես զգում ենք հայ ժողովրդի վիշտը»,- ասաց դեսպանը։

Նա ընդգծեց, որ Արգենտինան շատ բարձր է գնահատում հայ ժողովրդին, իսկ արգենտինահայ համայնքը դարձել է իրենց հասարակության անբաժան մաս։

Դեսպանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը հետագա տարիներին պատճառ դարձավ նոր հանցանքների, ինչը ևս մեկ պատճառ է՝ մշտապես հիշելու կատարվածի մասին։

«Մարդկությունը պետք է մշտապես հիշի հայերի դեմ իրականացված ողբերգական դեպքերը, և կգա ժամանակ, երբ այս ողբերգական դեպքերի հիշողությունը գերակա կլինի ողջ մարդկության համար։ Կարծում եմ՝ սա ժամանակի հարց է»,- ասաց Մարիանո Վերգարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել