Մենք էլ ենք ասում՝ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, որովհետեւ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ հարեւան պետություն, որի հետ սահմանները փակ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Իշխանությունները հայտարարում են՝ առանց նախապայմանների մենք Թուրքիայի հետ կարգավորելու ենք հարաբերությունները: Բայց մի շատ պարզ հարց է առաջանում՝ եթե առանց նախապայմանների է, ինչու Թուրքիան միակողմանի չի բացում Հայաստանի հետ իր կողմից միակողմանի փակված ճանապարհները: Հայաստանը ճանապարհ չի փակել, փակել է Թուրքիան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «3+3» ձեւաչափին, որի նախաձեռնողներից մեկը Ռուսաստանն է, Վանեցյանն ասաց. «Շփման ցանկացած ձեւաչափ կարծում եմ՝ կարեւոր է, հատկապես տարածաշրջանի երկրների համար, բայց պետ է հասկանալ՝ այդ ձեւաչափում ինչ հարցեր են քննարկվում, արդյոք կքննարկվեն այնպիսի հարցեր այնպիսի հարցեր, որոնք քննարկվել են մինչ այս այլ ձեւաչափերում: Խոսքը օրինակ, Արցախի հիմնախնդրի մասին է, որը չի կարող դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից եւ գնալ քննարկվելու այլ ձեւաչափերում: Իսկ առհասարակ, շփումները ես ողջունում եմ եւ համարում եմ նորմալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել