«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը յուրահատուկ պատկերացում ունի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մեթոդների մասով, բայց չի ցանկանում բարձրաձայնել։ Սիմոնյանը, ի դեպ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ չէ, չի կիսում ԼՀԿ-ի ու Մարուքյանի որոշ հայացքները, բայց Էդմոն Մարուքյանն իր ընկերն է, նրա հետ հաճախ է հանդիպում, շփվում։

- Մարուքյանի ո՞ր հայացքները չեք կիսում։

- Դե, հիմա, չեմ կարող հերթով ասել։ Ես իմ հայտարարություններում բոլոր իմ տեսակետները նշում եմ, եթե ուզում եք ինչ-որ տարբերություններ գտնել, կարող եք համեմատել, գտնել։

- Օրինակ՝ նրան Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելը շատ քննարկվեց, դա Ձեզ համար ընդունելի՞ էր։

- Չեմ ուզում մեկնաբանել, եղբայր։ Ես ո՛չ կուսակցության անդամ եղել եմ, ո՛չ էլ հիմա եմ, հետեւաբար, ինչո՞ւ մեկնաբանեմ մարդու որոշումը․․․ Ես իմ տեսակետն ասել եմ իմ ընկերոջը, ինքը գիտի իմ տեսակետը։

- Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ առնվազն ոգեւորված չեք Մարուքյանի այդ որոշմամբ:

- Ես ասացի՝ ես իմ ընկերոջ հետ պարբերաբար տեսնվում եմ, խոսում ենք տարբեր թեմաների շուրջ, կան հարցեր, որ կիսում ենք, կան հարցեր, որ չենք կիսում։

- Ընդդիմությունը մի քանի օր է՝ ակցիաներ, նստացույց է իրականացնում Փաշինյանի հեռացման համար, Դուք ինչպե՞ս եք գնահատում։

- Ես, ամեն դեպքում, ուրախ կլինեմ, որ այս քաղաքական իշխանությունն օր առաջ հեռանա, որովհետեւ կա՛մ ինքը չգիտի ընդհանրապես, թե ինչ է անում հայկական պետականության հետ, կա՛մ շատ լավ էլ գիտի, ու շատ վատ է, որ գիտի, որովհետեւ սխալ ճանապարհներով է տանում։ Այնպես որ, ցանկացած քաղաքական ուժ, որն այս քաղաքական ուժին ինչ-որ ձեւով հորդորում է, որ հեռանան, ես համարում եմ, որ ճիշտ է անում։ Բայց, միեւնույն ժամանակ, դա պետք է ինքնանպատակ չլինի։ Պետք է լինեն լուծումների առաջարկներ, որ ինչ-որ հարց իրենք պատկերացնում են՝ հետեւյալ ձեւով պետք է լուծվի։ Մարդիկ պետք է ընտրելու հնարավորություն ունենան, թե որ քաղաքական ուժը լուծման ինչ առաջարկ է ներկայացնում կոնկրետ խնդիրներին։ Թե չէ սխալ է, որ քաղաքական ուժերն ասում են՝ եկեք ինձ ընտրեք, հետո ես կասեմ, թե որ հարցն ինչպես եմ լուծելու։

- Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ ինքը չի հավակնում իշխանության ու չի ասում՝ եկեք ինձ դարձրեք վարչապետ, ինքն ասում է՝ գլխավորը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։

- Ես ասացի՝ ցանկացած քաղաքական ուժ, որն այս իշխանությանն ասում է՝ օր առաջ հեռացիր, ես այդ քաղաքական ուժին ասում եմ, որ ճիշտ է անում, որովհետեւ այս իշխանությունն այլեւս անելու բան չունի։

- Իսկ Դուք ինչպե՞ս եք Ձեր նպաստը բերում այդ հեռացմանը։

- Տարբեր գործիքներով փորձում եմ օգտակար լինել, որ պետականությանը վնաս չհասցվի, երբ որ իշխանության վրա են, իսկ մնացածը, թե ինչպես եմ նպաստում, որ գիտակցեն եւ հեռանան, դա էլ իմ հրապարակային աշխատանքի միջոցով է, Դուք՝ ինքներդ, կարող եք դա գնահատել։

- Իսկ բացի հրապարակային աշխատանքից, հրապարակում աշխատանք տանել չե՞ք պատրաստվում` միանալ Փաշինյանի հեռացման պայքարին։

- Եթե ես դիտարկեմ, որ դա արդյունավետ է՝ այո, բայց էսօր դեռեւս դրա արդյունավետությունը ես չեմ տեսնում, որովհետեւ, էսպես ասեմ, այն գործիքով, որով այս իշխանությունը եկել է իշխանության, հնարավոր չէ կամ քիչ հավանական է, որ նրան կարելի է դուրս հրավիրել։

- Ձեր խոսքերի միջեւ հակասություն չկա՞, որ Դուք, մի կողմից, ճիշտ եք համարում, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հեռացումը, բայց, մյուս կողմից, չեք ցանկանում Ձեր նպաստը բերել դրան, միանալ այդ պայքարին։

- Դե, Դուք այլ կերպ եք ընկալում նպաստ բերելը, ես՝ այլ կերպ։ Դա ոչ միայն հրապարակում ինչ-որ աշխատանք տանելն է, այլ նաեւ հնարավոր այլ գործիքներով։

- Այդ դեպքում ինչպե՞ս եք տեսնում այս իշխանությունների հեռացումը։

- Չեմ գտնում, որ պետք է հրապարակայնացվեն բոլոր գործիքները, որոնք որ օգտագործվում են։ Ես նորից եմ ասում՝ բոլոր նրանք, ովքեր պահանջում են, որ այս իշխանությունը հեռանա, ճիշտ են անում, ես համաձայն եմ այդ մարդկանց հետ։ Իսկ գործիքները՝ մեկ գործիքից մինչեւ անսահման գործիքներ կան։ Կան, որ ես պատրաստ եմ օգտագործել, գործիքներ էլ կան, որոնք պատրաստ չեմ օգտագործել։ Բայց գտնում եմ միեւնույն ժամանակ, որ թե՛ լրագրողական համայնքին եւ թե՛ հրապարակայնորեն պետք չէ խոսել բոլոր գործիքների մասին։

- Գուցե հուշեք փողոցային պայքարի ելած ընդդիմադիրներին Ձեր գործիքակազմի մասին։

- Եղբայր, բոլորն էլ բոլոր գործիքների մասին գիտեն, բոլորն էլ ցանկություն ունեն խնդիրը լուծել, ամենքն իր գործիքն է օգտագործում։ Էնպես չէ, որ ես պետք է ինչ-որ մեկին ինչ-որ բան հուշեմ։

- Ձեզ հրապարակում, ամեն դեպքում, չենք տեսնի առաջիկայում։

- Եթե տեսնեք՝ կտեսնեք, եթե չտեսաք, ուրեմն էնտեղ չեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել