«Հանրության արձագանքը շատ լավն է, շատ-շատ մարդիկ են գալիս։ Հրապարակը մշտապես լի է մարդկանցով, գալիս են, խոսում ենք, զրուցում, իրենց մտահոգությունների մասին են հայտնում, այսինքն՝ նպատակը, որի համար դուրս եմ եկել փողոց, իրականանում է։ Համարում եմ, որ սկիզբը շատ լավն է, ու ունենալու ենք լավ արդյունք»,- երեկ առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը շարունակում է պայքարն Ազատության հրապարակում։

«Երբեւիցե հայտարարություն չեմ արել, թե՝ որ պահին ոտքս խփեմ գետնին, 200 հազար մարդ կհավաքվի հրապարակում, ես նման բան չեմ ասել։ Ես ուղղակի զարմանում եմ, որ «Ազատության» նման պրոֆեսիոնալ լրատվամիջոցն այդպիսի ֆեյք բան է ցիտում։ Դրանք ուղղակի հիմար խոսակցություններ են ու նիկոլական PERFECT TV-ների արդյունքը։ Իրականում ես պարզ տեսնում եմ, որ մարդիկ հասկացել են՝ ինչ է կատարվում մեր երկրում։ Մարդիկ անպայման գալու են, քանի որ հասկանում են, թե ինչ սպառնալիքներ կան երկրի համար»,- ասաց Վանեցյանը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող կեղծ հրապարակումներին։

«Մարդիկ մշտապես հարցնում են՝ ի՞նչ եք անելու, ո՞նց եք անելու, ե՞րբ եք անելու։ Շատերը գալիս են թերահավատորեն, ասում են՝ կոնկրետ գործողություն հիմա կա՞, թե՞ չկա, սրա վերջն ի՞նչ է լինելու։ Գալիս են մարդիկ, որոնք ասում են՝ հիմա պետք է սրանց գնդակահարել, ձերբակալել, մի մասը գալիս է, ասում՝ պիտի իմպիչմենտի պրոցես սկսել եւ այլն։ Ես հիմա փոխանցում եմ ժողովրդի խոսքը։ Իսկ իրականում մենք գործողությունների պլան ունենք, որի մասին կիմանաք։ Ես այստեղ եմ՝ առանց կուսակցական դրոշների, առանց որեւէ քաղաքական թիմերի։ Ես ասում եմ՝ հայ մարդ, դուրս արի փողոց ու պայքարի քո արժանապատվության համար, քո անվտանգության, քո ինքնիշխանության համար, քո Արցախի համար։ Պայքարել է պետք, քանի որ բոլոր խնդիրները լուծվող են։

Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո, երբ լինեն մարդիկ, որոնք առաջնորդվում են Հայաստանի եւ Արցախի ազգային ու պետական շահերով, կարող են դիվանագիտական ճանապարհով լուծել արտաքին քաղաքական խնդիրները։ Փաշինյանը պարտվող երկրի ներկայացուցիչ է, պարտվող երկրի «առաջնորդ» է։ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրել է պարտավորություններ, որից չի կարող այլեւս անցնել։ Ի՞նչ է ասում իշխանությունը, ասում է՝ մեր այսօրվա այլընտրանքն այս մարդիկ են, որոնք, իբր` մենք, քարոզում ենք պատերազմ։ Հիմա ես շատ հստակ բոլորին վստահեցնում եմ, որ ամենաքիչը ես եմ ուզում, որ պատերազմ լինի այս երկրում։ Այո, ես դեմ եմ պատերազմին ու ասում եմ, որ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ»,- նշեց Վանեցյանը: Նախօրեին նրան տեսակցելու-աջակցելու էին եկել նախկին արտգործնախարար Արա Այվազյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը, շատ այլ գործիչներ։

«5165» շարժումը եւս Ազատության հրապարակում էր, նրանք առավոտից շրջել էին Երեւանի համալսարաններով, կոչով դիմել ուսանողներին, որ միանան շարժմանը։ Իսկ երեկոյան երթով շարժվեցին դեպի ԱԳՆ ու ակցիա իրականացրին` նախարարության աշխատակիցներին փորձելով բացատրել, թե ինչով են զբաղված իրենց վերադասները, ինչ ապազգային քաղաքականություն են վարում։

44-օրյա պատերազմի մասնակից Արթուրն ու Նվերն էլ շարունակում են հացադուլը։ Երեկ նրանց էր այցելել 44-օրյա պատերազմի սիմվոլներից մեկը՝ «խզված ձայնով տղան»՝ Մնացական Ավետիսյանը։ «Արթուրն ու Նվերն իմ ընկերներն են, ես չէի կարող չգալ, բայց, իհարկե, միայն նրանց համար չեմ եկել, գաղափարի համար եմ այստեղ։ Ո՛չ եղանակային պայմանները, ո՛չ էլ անգամ պատերազմի վտանգը մեզ չի կարող հետ պահել այն արժեքները կրելուց, որոնք կրում ենք։ Ես նույնպես ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Ազատության հրապարակ, ամեն օր, ժամը 19։30-ին։ Մենք պետք է մեր մտքերը, գաղափարները գեներացնենք։ Այո, «անկախության սերունդը» պիտի իր դիրքորոշումը հստակ արտահայտի այս ամենի վերաբերյալ»,- ասաց Ավետիսյանը։

Արթուր Ավագյանն էլ չնայած հայտարարել էր` եթե «անկախության սերնդի» ներկայացուցիչները չգան հրապարակ, նշանակում է՝ ուրանում են իրենց հասած ժառանգությունը, ասաց. «Իրականում հասկանում եմ, թե ինչու կարող են չգալ։ Մտածում են՝ քաղաքական այս դեմքն է այնտեղ, այն դեմքն է այնտեղ։ Բայց, հարգելիներս, հայրենիքը բացարձակ արժեք է, այն պետք չէ անձերով պայմանավորել առհասարակ»:

«Ես ոչ մեկից ոչ մի ակնկալիք չունեմ։ Ես գոնե գիտեմ, որ իմ խղճի առաջ մաքուր եմ, ես ու իմ ընկերները։ Թե հետագան ինչ կլինի, չեմ կարող հստակ ասել, համենայնդեպս, այս պահին ես փորձում եմ ու աջակցում եմ հացադուլ անող մեր տղաներին։ Ժողովուրդ ջան, եկեք մի բան հստակ հասկանանք, էլի... իրենք 4 տարի է՝ երկրի կառավարման ղեկին են ու իրենք ոչ մի բան չեն կարողացել անել, նրանք արժեք չունեն, իրենց արժեքն իրենց աթոռն ու նստավայրն է։ Իրենց անգամ պետք էլ չէ փորձել հասկանալ, ուզես էլ, չես կարող… Եթե կազմակերպված լինեինք, իմ կարծիքով, հնարավորություն ունեինք հաղթելու այս պատերազմում։ Որովհետեւ թշնամին հասել էր այն դիրքերին, որ էլ առաջ չէին կարող գնալ, այսինքն՝ եթե կապիտուլյացիան չստորագրվեր, մենք չէինք կորցնելու թե՛ Շահումյանի շրջանը, թե՛ Լաչինը, թե՛ Օմարյան լեռնաշղթան։ Ուղղակի երեւի պլանավորած՝ դրանք էլ տվեցին-վերջացրին։ Թշնամու հնարավորությունն ինչքան կար, էդքան էին առաջ եկել, իրենք էլ հաստատ չէին կարող առաջ գնային, եկել հասել էին բարձունքին, էլ չէին կարող։ Իսկ թե ինչու էին եկել-հասել, էլի վատ կառավարման արդյունք է։ Օմարյան լեռնաշղթայում 15 հազարից ավելի զորք է եղել, կարող էր այդ զորքը տեղափոխվել Հադրութ ու Շուշի, բայց չարվեց»,- նշեց արցախյան պատերազմի մասնակից, Չարեքթարը չհանձնած Աշոտ Սեւյանը, որն արդեն երկրորդն օրն է՝ հերթապահում է Նվերի ու Արթուրի կողքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել