Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնի է այսօր՝ ապրիլի 19-ին, Մոսկվայում կկայանա Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումը: Նախքան դա հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ Դմիտրի Պսկովը, որում նշված էր՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի ընթացքում փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի:

Հասկանալու համար, թե ինչ սպասել այդ հանդիպումից, և թե Պեսկովի նշածը ինչ փաստաթղթերի փաթեթ կարող է լինել, ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպմանը առաջ է տանելու այն թեզը, որը բարձրաձայնում էր ԱԺ ամբիոնից. «Նա Պուտինի հետ հանդիպմանը հավանաբար կխոսի նաև Արցախի՝ Ադրբեջանի կազմում հնարավոր հայտնվելու մասին: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչի կարող ենք սպասել հանդիպումից հետո,նշեմ, որ իրական հարցերի քննարկմանը կարողանում ենք հանգել միայն որոշ ժամանակ անց՝ արդյունքների հիման վրա: Մնացած ամեն ինչը զգալու ենք մեր մաշկի վրա, այ դա է լինելու այդ հանդիպման իրական արդյունքը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ կլինի քննարկում նաև մեր տարածաշրջանում ժամացույցի սլաքների ճշտման վերաբերյալ:

Անդրադառնալով Պեսկովի նշած փաստաթղթերի փաթեթին, որը պետք է ստորագրի Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանն ասաց, որ որևէ վտանգավոր բան այդտեղ չի կարող լինել. 

«Փաշինյանը թող ստորագրի Պեսկովի նշած երկկողմ փաստաթղթերի փաթեթը: Որևէ վտանգի պետք չէ սպասել, քանի որ պատվիրակության մեջ են կրթության նախարարը, փոխնախարարը. ոլորտային դաշտերին վերաբերող ինչ-որ բան են ստորագրելու: Եթե օրինակ պատվիրակության մեջ լիներ նաև ՊՆ նախարարը, ապա կարելի էր ենթադրել, որ ռազմաարդյունաբերության ինչ-որ ոլորտում կարող է համագործակցություն լինել: Այլ հարց է, թե հայկական կողմը ինչ հարցեր է բաձրացնելու»,- նշեց քաղաքագետը:

Վերջինս ընդգծեց, որ կցանկանար՝ ՌԴ նախագահը հանդիպումից հետո դուրս գար և ասեր, որ պայմանավորվել են Արցախի կարգավիճակի գործընթաց սկսել. «Լավ կլիներ ասեր՝ խաղաղապահները ունենալու են մանդատ, որևէ մի առաջխաղացում և միանգամից ոչնչացնելու են թշնամուն. սա կցանկանայի, բայց կլինի դա, թե ոչ՝ չեմ կարող ասել: Եթե այս ամենը լիներ, նոր կարող էինք ասել՝ դրական արդյունք է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպումը»,- եզրափակեց Թևան Պողոսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել