Armenpress.am-ը գրում է․

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, հանդիպման սկզբում բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցությունը՝ զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ամրապնդվող բարեկամական հարաբերություններով:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու պետությունների փոխգործակցության հեռանկարային ուղղությունների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավակարգի ապահովման բնագավառներում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ:

Զրուցակիցներն արձանագրել են, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության չիրացված, զգալի ներուժ և պատրաստակամություն են հայտնել շարունակել զարգացնել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ այդ թվում նոր թափ հաղորդել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեսպան Բոլատ Իմանբաևին է ներկայացրել այս տարի Հայաստանում անցկացվելիք միջոցառումները՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան ու գիտության և արվեստի «STARMUS-VI» փառատոնը՝ այդ միջոցառումներին կարևորելով նաև ղազախ ներկայացուցիչների և զբոսաշրջիկների ներգրավվածությունն ու այցելությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ սոցիալ-տնտեսական բնագավառներում սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել